Մատչելիության հղումներ

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ:

ՀՀ վարչապետի նորաբաց պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, Վլադիմիր Պուտինը ևս մեկ անգամ ջերմորեն շնորհավորել է Սերժ Սարգսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել ջանքերը հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման և ինտեգրացիոն գործընթացների առաջմղման ուղղությամբ:

ՌԴ նախագահը նաև շնորհավորական հեռագիր է հղել վարչապետ Սերժ Սարգսյանին:

«Հարգելի՛ Սերժ Ազատի, շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ձեր նշանակումը այդ պատասխանատու պաշտոնում հաստատում է Ձեր բարձր քաղաքական հեղինակությունը, ինչպես նաև լայն աջակցությունը բարեփոխումների քաղաքականությանը՝ ուղղված Հայաստանի առջև կանգնած սոցիալ-տնտեսական խնդիրների արդյունավետ լուծմանը», - մասնավորապես ասված է հեռագրում:

«Վստահ եմ, որ կառավարության ղեկավարի պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը, եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների առաջմղմանը: Իմ կողմից կցանկանայի վերահաստատել երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ համատեղ սերտ աշխատանքում շահագրգռվածությունը», - Սերժ Սարգսյանին գրել է Վլադիմիր Պուտինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG