Մատչելիության հղումներ

Վաղը մեր գործողությունները պիտի շարունակվեն նույն տրամաբանությամբ․ Փաշինյան


Սերժ Սարգսյանի իշխանավարման շարունակման դեմ պայքարը գլխավորող՝ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը աջակիցներին կոչ արեց գործողությունները շարունակել «նույն տրամաբանությամբ»:

Այսօր կայացած հատուկ նիստում Ազգային ժողովը ձայների 76 կողմ, 17 դեմ հարաբերակցությամբ իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանին ընտրեց Հայաստանի վարչապետ: Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, երեկ իր աջակիցներին կոչ էր արել շրջափակել խորհրդարանի շենքը և այդպիսով տապալել նիստը, սակայն երբ ընդդիմադիրների ջանքերը ձախողվեցին, Փաշինյանը հայտարարեց «ժողովրդական ոչ-բռնի թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին: Նրա գլխավորությամբ հազարավոր ցուցարարներ արգելափակեցին մի շարք պետական գերատեսչությունների շենքեր։ Ընդդիմադիրների բողոքի գործողությունները եզրափակվեցին Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվող բազմամարդ հանրահավաքով:

Դիմելով աջակիցներին՝ Փաշինյանը նախ վերլուծեց անցած օրերի իրենց մարտավարությունը՝ փաստելով․ - «Երեկ այդպես էինք մտածում, որ նախ Սերժ Սարգսյանից պետք է ազատագրենք Բաղրամյան 19 և Բաղրամյան 26 հասցեները, և հետո միայն ամբողջ Հայաստանը: Բայց մեր պրոցեսը, ինքը իրեն, գնաց ուրիշ ճանապարհով և մենք այսօր ի վիճակի ենք նախ ազատագրել ամբողջ Հայաստանը, ապա վերջում միայն Բաղրամյան 26-ն ու 19-ը: Եվ այս ընթացքում Սերժ Սարգսյանը և հանրապետական պատգամավորները պիտի վախվորած ապրեն այդ փշալարերի ետևում»:

Անդրադառնալով առաջիկա քայլերին՝ Փաշինյանը կրկին հայտարարեց, որ Հայաստանում սկսվել է ժողովրդական թավշյա ոչ բռնի հեղափոխություն:

«Վաղը մեր գործողությունները պիտի շարունակվեն նույն տրամաբանությամբ։ Մենք պետք է շրջափակենք գերատեսչական շենքերը, մենք պետք է շրջափակենք ճանապարհները, մենք պետք է շրջափակենք մայրուղիները», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: - «Առաջիկա օրերին մենք կձևավորենք Հայաստանի Հանրապետությունում թավշյա հեղափոխության կոմիտե: Հեղափոխական կոմիտեներ կստեղծվեն բոլոր մարզերում ու բնակավայրերում ու մենք ավելի կազմակերպված ձևով կիրականացնենք պետական գերատեսչությունների շրջափակումները: Շատերը հարց են տալիս, թե որն է լինելու իշխանափոխության մեթոդաբանությունը: Շատ շուտով ՀՀ բոլոր գերատեսչությունները պետք է կատարեն ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ ժողովրդի անունից լիազորված հեղափոխական կոմիտեների հրամանները՝ այդ է թվում Ոստիկանությունը»:

Հիշեցնենք՝ ցուցարարները ապրիլի 13-ից գիշերում էին Երևանի Ֆրանսիայի հրապարակում՝ արգելափակված պահելով մի շարք կենտրոնական փողոցներ: Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց՝ «սովորաբար հրապարակում քնում են, որպեսզի այդ հրապարակը կարողանան պահել, բայց մենք ի՞նչ կարիք ունենք Ֆրանսիայի հրապարակում քնելու, եթե Երևանի բոլոր հրապարակները մերն են և մենք կարող ենք ցանկացած հրապարակ, ցանկացած պահի վերցնել, և մենք այսօր վերցրել և լեփ-լեցուն ենք դարձրել Հանրապետության ամենամեծ հրապարակը, որը վերջին անգամ այսպիսին եղել է System Of A Down խմբի համերգի ժամանակ»:

«Եվ վաղը՝ ժամը 10:00-ին, ես ձեզ սպասելու եմ Ֆրանսիայի հրապարակում, որտեղից նորից մեր գործողությունները կսկսեն և կեզրափակվեն Հանրապետության հրապարակում», - հայտարարեց Փաշինյանը:

Ընդդիմադիր գործիչը նաև կոչով դիմեց սփյուռքահայ հայտնի գործիչներին՝ System Of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանին, կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանին, հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրին՝ նրանց հրավիրելով գալ և միանալ Հանրապետության հրապարակում հավաքված ժողովրդին:

Հանրահավաքի վերջում ցուցարարները որոշեցին երթով անցնել Երևանի կենտրոնական փողոցներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG