Ապրիլի 9-ից ամբողջությամբ ուժի մեջ մտած Սահմանադրությամբ երկրի թիվ մեկ պաշտոնյան վարչապետն է: Նախագահ Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանին ընտրությունից անմիջապես հետո նշանակեց վարչապետ:
Վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունք ունեին խորհրդարանի բոլոր խմբակցությունները, սակայն այդ իրավունքից օգտվեցին միայն իշխող կոալիցիայի անդամ Հանրապետականն ու Դաշնակցությունը:
Սերժ Սարգսյանն ընտրվեց 77 կողմ և 17 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը դեմ արտահայտվեցին «Ելք» խմբակցության՝ այսօր խորհրդարան եկած բոլոր 5 պատգամավորները:
Չնայած Գագիկ Ծառուկյանի ղեկավարած խմբակցությունից հնչող հավաստիացումներին, թե միասնական քվեարկելու որոշում են կայացնելու, այսօր իշխող կոալիցիայի վարչապետի թեկնածուի օգտին կողմ քվեարկեցին խմբակցության մի շարք պատգամավորներ: Օրինակ, Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, բարեկամուհին՝ Կարինե Պողոսյանը, Նապոլեոն Ազիզյանը, Մելիք Մանուկյանը, նաև Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը: Դեմ էին 31 հոգանոց խմբակցության ընդամենը 12 պատգամավորներ, նրանց թվում էին Նաիրա Զոհրաբյանը, Գևորգ Պետրոսյանը, Միքայել Մելքումյանը, Արարատ Զուրաբյանը, Իվետա Տոնոյանը: Գագիկ Ծառուկյանը այսօրվա քննարկումներին չմասնակցեց:
Ընտրվելուց հետո Սերժ Սարգսյանը դիմեց ընդդիմադիրներին
Եթե ամենամեծ ընդդիմադիր՝ «Ծառուկյան» խմբակցության գործունեությունը «պատվախնդիր», իսկ քննադատությունը «անաչառ» որակեց, ապա «Ելք»-ին խորհուրդ տվեց ձերբազատվել հայաստանյան ընդդիմությանը հատուկ չլսելու բարդույթից․ - «Դուք ինձ եք մեղադրում մի աշխարհ ստեղծելու և այդ աշխարհում հրճվելու բարդույթով, բայց այդ բարդույթը ոնց որ թե ձեզ ավելի է բնորոշ: Դուք եք ձեզ համար աշխարհ ստեղծում, դուք եք չունենալով այդ իրավունքը խոսում ժողովրդի անունից՝ չհասկանալով հանդերձ, որ պրծավ, վերջ՝ սահմանադրական բարեփոխումներից հետո որևէ անհատ իրավունք չունի ժողովրդի անունից խոսելու: Ժողովրդի անունից կարող է խոսել միայն քաղաքական մեծամասնությունը»:
Սերժ Սարգսյանի հաջորդ խորհուրդը «Ելք»-ին՝ բոլոր ջանքերը գործադրել իրենց գործընկերոջը փողոցից խորհրդարան բերելու համար: Սարգսյանը ակնհայտորեն նկատի ուներ այս օրերին երեք կուսակիցների հետ իր պաշտոնավարման երրորդ ժամկետի դեմ փողոցային պայքար սկսած Նիկոլ Փաշինյանին․ - «Դա կլինի ձեր մեծագույն վաստակը: Երբեք, որևէ ժամանակ անձամբ ես, մեր քաղաքական ուժը արյան ծարավ չի ունեցել: Մենք արյուն շատ ենք տեսել, բայց նույնիսկ թշնամու արյան ծարավ ես երբեք չեմ ունեցել: Եթե դուք պետական հիմնարկների գրավումը համարում եք խաղաղ ցույցեր, եթե դուք համարում եք, որ հիմա ցուցարարները պիտի գան և Ազգային ժողովի շենքում, ձեր աշխատասենյակների մեջ նստելով, ձեր փոխարեն օրենքներ գրեն, դա ձեր մոտեցումներն են, դա ձեր պատկերացումներն են, եթե ոչ՝ դուք հակառակ կողմում պետք է լինեք, պիտի լինեք օրենքի կողմում: Չի կարող ժողովուրդը լինել օրինազանց: Եթե ժողովուրդը լիներ օրինազանց, ապա փողոցներում միլիոնավոր մարդիկ պիտի լինեին: Դուք բոլորից լավ գիտեք, թե քանի մարդ է մասնակցում այս ցույցերին»:
Փողոցային պայքարի մասին
Փողոցային պայքարի փաշինյանական մարտավարությունը չկիսող «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց․ - «Այս պահին հազարավոր մարդիկ փողոցներում են․․․ Ժամեր անց Դուք դառնում եք Հայաստանի Հանրապետության վարչապետը Ձեր ձևավորած նոր սահմանադրությամբ: Այս սահմանադրությամբ ոստիկանապետը ուղղակիորեն ենթարկվում է Ձեզ, պարոն վարչապետ․․․ Մեկի քթից արյուն եկավ, Ձեզ են մեղադրելու: Մեր թիվ մեկ խնդիրը հիմա պետք է լինի ամեն ինչ անել, որ ուժ չկիրառվի խաղաղ ցուցարարների նկատմամբ: Մենք ուրիշ աշխարհից չենք, մենք իրական աշխարհից ենք, ու մենք եկել ենք ասելու, որ իրական աշխարհը․․․ Ձեր ասած ընտրությունների հետ կապված՝ ո՞վ ա փող բաժանել, ո՞վ․․․ Պարոն Սարգսյան, մարդիկ հերթ են կանգնել, որ փող ստանան»:
Արտակ Զեյնալյանն ասաց, որ այն, ինչ այս օրերին ինչ կատարվում է Երևանում, անսպասելի էր թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության համար, բայց դա պարծանք է առաջացնում․ - «Ընդվզումով է, որ լուծվում են անհավանական խնդիրներ, ասենք՝ անհավասար ուժի դիմաց դիրքը չհանձնելը: Սա էդ ընդվզման դրսևորումն է․ սա պետք է պահպանել, դա չպետք է ենթարկվի պատժի: Եվ ես այդ առումով կոչ եմ անում այդ երիտասարդներին չդատապարտել, չկոտրել նրանց այդ ըմբոստ ոգին, որովհետև դա կարող է միավորվել և երկրի համար ֆանտաստիկ խնդիրներ լուծել»:
«Էս դեժավյուից չե՞ք հոգնել»
Արամ Սարգսյանը Սերժ Սարգսյանին հարցեց․ - «Ասում եք, որ Ձեր փորձը փոխանցելու եք ապագա երիտասարդ սերնդին: Էսքան տարի իշխանության մեջ եք, բա փոխանցեիք․․․ Էնքան եք դատարկել պահեստայինների նստարանը, որ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը Սերժ Սարգսյանն է: Էս է էսօրվա իրավիճակը: Վերջիվերջո իսկապես որպես մարդ ուզում եմ հարցնել՝ վարչապետից նախագահ, նախագահից նախագահ, հիմա նախագահից նորից վարչապետ, էս դեժավյուից չե՞ք հոգնել»:
Մանե Թանդիլյանը նկատեց․ - «Դուք և Ձեր կուսակցությունն իշխանության եք եկել համատարած ընտրակաշառքի և ադմինիստրատիվ ռեսուրսի միջոցով»:
Ապա թվարկեց Սերժ Սարգսյանի տված ու չկատարած խոստումները․ - «Եթե ես լինեի Ձեր փոխարեն, թերևս կկատարեի գոնե իմ վերջին խոստումը․ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Այո՛, Ձեր իրավաբանները կկարողանան բացատրել այդ բառախաղը, բայց, պարոն Սարգսյան, Ձեր հեղինակությունը դա չի փրկի: Սա Ձեր խոստումն է, և մարդիկ դա չեն մոռացել: Թերևս Դուք ունեք հնարավորություն փրկելու Հայաստանի վարկանիշը, որպես ժողովրդավարական պետություն, և չդասվել այն արատավոր ավանդույթներով ԵԱՏՄ-ական պետությունների շարքին, որտեղ տարեցտարի իշխում են նույն մարդիկ, նույն դեմքերը»:
Էդմոն Մարաուքյանի բնորոշմամբ՝ Հայաստանում «ֆեյք պետական կառավարման համակարգ է»․ - «Այնպիսի քաղաքական համակարգ է ձևավորված, որ ում ինչ ասում ենք, ասում ա՝ ես կապ չունեմ ու Ձեր նկարն ա ցույց տալիս, ասում ա՝ իրան ասեք: Էս ա էս երկրի քաղաքական համակարգը: Իմ տպավորությամբ, կա երկու աշխարհ՝ Ձեր աշխարհը և կա աշխարհ, որտեղ մենք ենք ապրում և գիտենք ինչ է տեղի ունենում: Եվ Ձեր աշխարհում շրջապատել եք Ձեզ մարդկանցով, ովքեր Ձեզ չեն ասում ինչ ա կատարվում: Որովհետև եթե ասում են ինչ ա կատարվում, ապա պետք ա փոփոխություններ տեղի ունենան: Եթե փոփոխությունները տեղի չեն ունենում, ուրեմն չեն ասում, կամ ասում են, Դուք փոփոխություններ չեք անում: Մենք հայտնվել ենք ճահիճում, պարոն Սարգսյան»:
ՀՀԿ-ականների համար այսօրը հիշարժան է
Սերժ Սարգսյանի թեկնածությունը այսօր ներկայացրեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Պահը պատմական համարեց, ասաց, որ Հանրապետականն ապավինում է իր առաջնորդին:
Էդուարդ Շարմազանովը Սերժ Սարգսյանին դիմելու համար հատուկ դիմելաձև էր ընտրել․ - «Հարգապատիվ պարոն Սարգսյան, հարգելի պարոն Բաբլոյան, հարգարժան փոխխոսնակներ, հարգելի պատգամավորներ, սիրելի հայրենակիցներ: Այսօր հիշարժան օր է հայոց խորհրդարանում և մեր երկրում, քանզի առաջին անգամ մենք, որպես խորհրդարանական հանրապետության ներկայացուցիչներ, Ազգային ժողովում ընտրում ենք խորհրդարանական հանրապետության առաջին վարչապետին»:
«Մարդիկ դեռ ամբողջությամբ չեն ընկալել, որ այլևս չկա մարդու իշխանություն, որ մարդու փոխարեն իշխանության է եկել քաղաքական ուժ: Իմ ընտրվելու դեպքում սա լինելու է ոչ թե Սերժ Սարգսյանի ղեկավարման երրորդ ժամկետը, այլ պառլամենտական Հայաստանում Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավարման առաջին ժամկետը: Չի՞ ընկալվում այս տարբերությունը քննադատողների կողմից․․․ Վստահ եմ, որ ընկալվում է: Բայց ժանրի կանոնն է․ երբ ամեն ինչ հարթ է ընթանում, որևէ բանի վրա պետք է կենտրոնանալ և անընդհատ կրկնել: Բա հո ձեռքները ծալած չեն նստելու»:
Ելույթում Սարգսյանն անդրադարձ չկատարեց իր պաշտոնավարման երրորդ ժամկետի դեմ 5-րդ օրը շարունակվող բողոքի ցույցերին: Հայտարարեց, թե սխալ է համարում, այսպես կոչված, թաքնված կառավարման մեխանիզմները, երբ քաղաքական ուժի ղեկավարը, չունենալով պաշտոն, կարող է փաստացի պետական կառավարում իրականացնել․ - «Դա պատասխանատվությունն իրենից հեռու պահելու միջոց է, ձախողումների համար քավության նոխազ փնտրելու ձև: Երկու կողմից շրջափակված, փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող երկրի դեպքում, երբ իշխող կուսակցության ղեկավարը փորձի ի դեմս այլ մեկի փաստացի իրականացնել վարչապետի գործառույթները, դա, ըստ էության, կլինի ոչ միայն թուլություն, փախուստ պատասխանատվությունից, այլ իշխանական ուղղահայացի վտանգում, չհիմնավորված երկիշխանության տարրերի ակամա ներմուծում՝ իր բոլոր հետևանքներով: Սա հատկապես կարևոր է հարկ եղած պահերին համապետական մոբիլիզացիայի և բոլոր ռեսուրսները համախմբելու ու վտանգի չեզոքացմանն ուղղելու հրամայականի դեպքում: Մի բան, որից, ցավոք, երաշխավորված չենք: Ինձ՝ որպես Հանրապետական կուսակցության ղեկավարի համար փախուստն անձնական պատասխանատվությունից անընդունելի է. երբեք չեմ արել ու չեմ էլ պատրաստվում»:
Չխորանալով ապագա Կառավարության ծրագրի մանրամասների մեջ՝ Սարգսյանն ասաց, որ Կառավարությունն իրականացնելու է ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի նախընտրական ծրագրերը, Արցախի խնդրի խաղաղ կարգավորման դիրքորոշումը անփոփոխ է, թիվ մեկ գերակայությունը շարունակելու է մնալ անվտանգությունը։
Նա անդրադարձավ նաև վարչապետի պաշտոնին չհավակնելու մասին 2014-ին արած հայտարարությանը․ - «Այսօր այս ամբիոնին կանգնած է ոչ թե անհատ, քաղաքական-պետական գործիչ Սերժ Սարգսյանը, ո՛չ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահը: Նրանցից ոչ մեկն այստեղ գործ չունի անելու, և այսօրվա քվեարկությամբ դրված չէ մեկին կամ մյուսին հավանություն տալու կամ չտալու հարց: Այսօր այս ամբիոնից ելույթ է ունենում խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը կազմող Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահը: Ես այստեղ եմ նախ և առաջ որպես իշխող կուսակցության ղեկավար՝ հօգուտ իմ թեկնածության ասելու, որ ունեմ բավարար ազդեցություն և հնարավորություններ՝ ստանձնած քաղաքական պատասխանատվության շրջանակում ապահովելու խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ներդաշնակ աշխատանքը իշխանության օրենսդիր և գործադիր թևերում»:
Մինչև ընտրությունը Սերժ Սարգսյանը իր ամփոփիչ ելույթում կրկին դիմել էր ընդդիմադիրներին․ - «Ուզում եմ երկու շնորհակալություն հայտնեմ պարոն Մարուքյանին: Նախ շնորհակալ եմ, որ Դուք այս ամբիոնից շատ համոզիչ ապացուցեցիք, որ, այո, սահմանադրական բարեփոխումները անհրաժեշտություն էին: Անկեղծ ասած, քաղաքական բառապաշարով դժվար էր դա ապացուցել, բացի այն, որ Դուք ապացուցեցիք՝ ցույց տալով նկարը: Բոլորի համար պարզ դարձավ, որ այլևս չկա նկարի իշխանություն: Կա քաղաքական ուժի իշխանություն: Եվ երկրորդ շնորհակալությունս կապված է Ձեր բարի գալուստի հետ: Շատ շնորհակալ եմ Ձեր բարի գալուստի համար, և որպեսզի մենք ապրենք լուսավոր Հայաստանում, որպեսզի մենք ապրենք բարգավաճ Հայաստանում, որպեսզի մենք ապրենք արդար Հայաստանում, որպեսզի մենք ապրենք օրենքի երկիր Հայաստանում, իրոք անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում հանգած հրաբուխները չարթնանան: Իսկ հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն»:
Անցած ընտրությունների մասին
Մինչև քվեարկությունը Արտակ Զեյնալյանը («Ելք») հարց էր ուղղե Սերժ Սարգսյանին․ - «Բոլոր անոնիմ հարցումները ցույց են տալիս, որ ընտրողները մտածում են, թե 2017 թվականի քաղաքական մեծամասնությունը ձևավորվել է ընտրակաշառքով ձևավորված կամքի դրսևորմամբ: Ես կուզեի իմանալ Ձեր գնահատականը դրա վերաբերյալ, և ինչպես եք մտածում ապահովել, որպեսզի մարդիկ հավատան ընտրությունների արդյունքներին, ընտրությունները լինեն արդար և արտահայտեն ժողովրդի կամքը, և որպեսզի այսօրվա նման, ինչ որ հիմա տեղի է ունենում փողոցներում, հազարավոր մարդիկ ընդվզում են և այդ համոզմամբ են դուրս եկել, տեղի չունենա»:
Սարգսյանի պատասխանը․ - «Ես, իհարկե, համաձայն չեմ այն պնդումների հետ, որ ընտրությունները տեղի են ունեցել համատարած ընտրաձայներ գնելու միջոցով: Ինչո՞ւ: Որովհետև և՛ իմ կարծիքը կարող է սուբյեկտիվ լինել, և՛ Ձեր կարծիքը կարող է սուբյեկտիվ լինել: Օբյեկտիվությունը միջազգային կառույցների զեկույցներն են, նրանց եզրակացություններն են: Ինչպես հիշում եք, նրանց եզրակացությունը միանշանակ էր․ որ ընտրությունների արդյունքները Հայաստանի ժողովրդի կամքի արտահայտությունն էր: Եթե համատարած կաշառք բաժանվեր, ես կարծում եմ, ժամանակակից պայմաններում, երբ որ․․․ ամեն գործիք հիմա նկարում է, ապա մեր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ընդդիմության ներկայացուցիչները բազմաթիվ տեսագրություններով ուղղակի հեղեղած կլինեին համացանցը և դիտորդական առաքելություն իրականացնողներին»:
Քաղաքական հետապնդումների մասին
Զեյնալյանի հաջորդ հարցը․ - «Հայաստանում քաղաքական հայացքներով պայմանավորված, գաղափարական տարբերություններով պայմանավորված հետապնդումներ եղե՞լ են»:
«Քաղաքական հայացքների համար Հայաստանի Հանրապետությունում երբեք որևէ մեկը քրեական հետապնդման չի ենթարկվել: Նույնիսկ, ես կարծում եմ, որ շատ պարագաներում միգուցե մեր դատարանների կողմից շատ ավելի մեղմ վերաբերմունքի են նրանք արժանացել, երբ որ քրեական հանցագործություններ են կատարել», - պատասխանեց Սարգսյանը:
Առանձնատան մասին
Զեյնալյանի հաջորդ հարցը վերաբերում էր Սերժ Սարգսյանին հատկացված առանձնատանը․ - «Արդյո՞ք Դուք ստորագրել եք Կառավարության այն որոշումը, որ այսպես կոչված կառավարական ամառանոցի առանձնատունը սեփականության իրավունքով հանձնվում է Ձեզ»:
«Ինչ վերաբերում է ինձ առանձնատուն հատկացնելուն, կարծում եմ, որ այս շենքում է այդ որոշումը ընդունվել, և այդ ընդունված օրենքից օգտվել են նախորդ երկու նախագահները, և ես էլ օգտվել այդ օրենքից: Եթե օրենքով ինձ չի հասնում, կարող եմ հետ վերադարձնել, բայց եթե հասնում է, կարծում եմ, որ Դուք պետք է շնորհավորեք, որովհետև ես էլ ունեցա սեփական տուն Երևանում»: