Իշխող Հանրապետականը անթույլատրելի է համարում հեղափոխության կոչերը․ եթե ցանկանում են իշխանափոխություն իրականացնել, պետք է սպասեն 2022 թվականին ասաց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ փողոցում հավաքված մարդկանց հանդարտության կոչ անելով:
«Եթե փորձ են կատարում պետական հիմնարկների շրջափակում, արդեն վնասներ են տալիս՝ դա անթույլատրելի է», - լրագրողների հետ զրույցում նշեց Բաղդասարյանը, - «Անթույլատրելի է՝ հեղափոխություն, պետական հեղաշրջման կոչեր: Դրանք պարզապես անթույլատրելի են, որի հիմքերը չկան»:
Ընտրությունն Ազգային ժողովում է, ոչ թե փողոցում՝ հայտարարում է իշխող Հանրապետականի պատգամավոր Գալուստ Սահակյանը, շեշտելով՝ ամեն ինչ պետք է անել, որպեսզի արյունահեղություն չլինի․ - «Ընտրությունը էստեղ է, ոչ թե փողոցում: Եթե փողոցում լիներ ընտրությունը, մենք կլինեինք փողոցում։ Ինձ թվում է նրանց մեծ մասը մեզ է ընտրել, իսկ էն ամենամեծ մասը, որոնք ընտրել են, փողոցում կանգնած չեն: Միտինգը անում են որպես ի՞նչ, չեմ հասկանում: Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի մեծ բաներ չլինեն՝ արյունահեղություն, մոտեցումներ, նման ձևավորումներ չլինեն: Բոլորիս մոտեցումը դա է»:
Իշխող կոալիցիայի անդամ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է՝ իշխանությունը պետք է քայլեր կատարի ժողովրդի դժգոհությունը մեղմելու համար, ընդդիմությունն էլ պետք է մնա օրենքների շրջանակներում․ - «Փաշինյանի իրավունքն է ցանկացած քաղաքական ակտիվության գնալու, բայց իմ խորհուրդը միշտ եղել է ընդդիմությանը, որ մնան օրենքների շրջանակում, հակառակ պարագայում իշխանությունները իրենց զինանոցը, որտեղ իրենք ուժեղ են, կարող են գործադրել և սա չի լինի ի օգուտ այդ շարժման»:
«Ազատության» դիտարկմանը, թե Փաշինյանը հայտարարել է «խաղաղ, թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին, Ռուստամյանը արձագանքեց․ - «Արդեն քայլեր են կատարվել, որ խաղաղ, թավշյայի մասին խոսելը խիստ չափազանցված կլինի: Այդ ո՞ր մի երկրում է պետական շենքերի գրավումը խաղաղ, թավշյա հեղափոխության մասին վկայում: Ես ուրախ եմ, որ մենք ունենք իսկապես քաղաքականապես ակտիվ հասարակություն, և սա առիթից առիթ դրսևորվում է: Ես տեսնում եմ երիտասարդներ, անկախության նոր սերունդ, որը պատրաստ է ընդվզելու: Էդ ոգին պետք է պահպանել, դա չպիտի կոտրվի, որովհետև սա մեր մարտունակության հետ կապված խնդիր է»:
Հարցին, թե ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցների, ձայնային նռնակների կիրառումը չի՞ նշանակում «կոտրել ոգին», դաշնակցական գործիչը պատասխանեց․ - «Ընդհակառակը, ոգին ամրապնդել է․․․ պիտի ընկալվի, որ այս ամեն ինչը նաև կոփում է հասարակությանը, հետո նրանք իրենց փորձի վրա կհամոզվեն, որ ինչպես ավելի ճիշտ, տրամաբանված, խելամիտ գործեն»: