Մատչելիության հղումներ

Երևանի մի շարք փողոցներ այսօր ևս ժամեր շարունակ փակ մնացին


Ցույց՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց, 17-ը ապրիլի, 2018 թ․
Ցույց՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց, 17-ը ապրիլի, 2018 թ․

Այսօր առավոտյան ժամը 9-ից սկսած ցուցարարներն ավելի քան 4 ժամ փակ պահեցին Հալաբյան, Արզումանյան փողոցների խաչմերուկը, արգելափակելով նաև Հրազդանի կիրճը Հալաբյան փողոցին միացնող հատվածը։

Հատկանշական է, որ ցույցին մասնակցում էին նաև հարակից դպրոցների աշակերտները։ Ոստիկանությունը մի քանի անգամ փորձեց հեռացնել ցուցարարներին փողոցի երթևեկելի հատվածից, սակայն ապարդյուն։ Ցույցի մեկնարկից մոտ երկու ժամ անց ակցիայի մասնակիցներին մոտեցան մի քանի քաղաքացի՝ նրանց հորդորելով բացել փողոցները։ Սակայն զրույցը քիչ անց վերածվեց վեճի, այնուհետև ընդհարման։

Ցուցարարների և փողոցը բացելու կոչ անող քաղաքացիների միջև պարբերաբար բախումներ էին տեղի ունենում, սակայն տեղում աշխատող ոստիկանները չէին միջամտում։ Ցուցարարները եզրակացրին, որ վիճաբանություն սկսողները սադրիչներ են և ոստիկաններին հորդորեցին կարգի հրավիրել նրանց։

Այսօր, ի դեպ, ժամանակավորապես Հալաբյան փողոց այցելեց նաև խորհրդարանի «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, սակայն նա հրաժարվեց պատասխանել Ազատության հարցերին։

Հալաբյան, Արզումանյան փողոցների խաչմերուկը ժամեր շարունակ արգելափակած քաղաքացիներն ի վերջո որոշեցին բողոքի ակցիան շարունակել Երևանի կենտրոնում։ Ցուցարարները քայլերթով հասան «Հաղթանակի» կամուրջ ու մի քանի րոպե փակ պահեցին այն։

Այնուհետև քվեարկությամբ որոշում ընդունվեց ցույցը տեղափոխել Երևանի քաղաքապետարանի հարակից տարածք։ Այդ պահին Երևանի մեկ այլ հատվածից քայլերթով մոտեցող ցուցարարների հետ Հալաբյան փողոցից եկած ակտիվիստները փակեցին Գրիգոր Լուսավորիչ, Արգիշտի և Իտալիայի փողոցների երթևեկությունը։ Ավելի ուշ փակվեց նաև Արշակունյաց-Լուսավորիչ հատվածը: Կարճ ժամանակ անց ցուցարարներին մոտեցան ոստիկանության հատուկ ջոկատայինները և ուժի գործադրմամբ փորձեցին բացել փակ փողոցները:

Ակցիայի մասնակիցներից մեկը բերման ենթարկվեց։ Ոստիկանները հեռացան ցուցարարների սուլոցների ներքո, մի քանի քաղաքացի սկսեցին ոտքերով և ձեռքերով հարվածել ոստիկանության ավտոմեքենաներին։

Ոստիկանների հեռանալուց հետո ցուցարարները կրկին փակեցին Քաղաքապետարանի հարակից փողոցները: Այնուհետև քաղաքացիների մեկ այլ խմբի հետ հավաքի մասնակիցներին մոտեցավ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ցույցերը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը և բոլորին հորդորեց քայլել դեպի Հանրապետության հրապարակ։ Ցուցարարների հեռանալուց րոպեներ անց երթևեկությունը վերականգնվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG