Ի պատասխան «Ազատության» հարցմանը, թե ինչպես է գնահատում փողոցում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև երեկ ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցների օգտագործումը, ինչի արդյունքում կան բազմաթիվ վիրավորներ, Արմեն Սարգսյանն ընդգծել է․ - «Ազատ կամարտահայտության ընթացքում պետք է բացառվի բռնությունը, անօրինական գործողությունները և այլոց իրավունքների սահմանափակումը»:
Հայաստանի նախագահը, սակայն, կոնկրետ գնահատական ոստիկանության երեկվա գործողություններին չի տվել:
«Ցանկացած քաղաքական ուժի կամ քաղաքացու իրավունքն է նաև Սահմանադրությամբ իրենց վերապահված իրավունքների շրջանակում՝ լինի դա հավաքի, ցույցի և այլ խաղաղ միջոցներով, ազատորեն արտահայտել իրենց կարծիքը, համաձայնությունը կամ անհամաձայնությունը քաղաքական այս կամ այն իրադարձության նկատմամբ», - նշել է նա:
«Ազատ խոսքի եւ կամարտահայտության իրավունքը ժողովրդավարության կարեւորագույն արժեքներից է: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը կարևոր է երկրի համար», - ասել է Արմեն Սարգսյանը ՝ ընդգծելով, որ Հայաստանի անվտանգությունը և ազգային համերաշխությունը բոլորի համար պետք է լինեն առաջնային ու անքննելի անհրաժեշտություն․ - «Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու առողջությունը եւ կյանքը՝ ուսանողից, ցուցարարից մինչև ոստիկան, թանկ է բոլորիս համար»:
Հայաստանի նախագահը նաև անդրադառնում է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած պայքարին՝ հիշեցնելով Սահմանադրությունը․ - «Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածության առաջադրումը խորհրդարանական ուժերի իրավունքն է: Եվ Ազգային ժողովի մեծամասնության ներկայացրած թեկնածուին ընդդիմությունը կարող է հակադրվել՝ իր քվեի միջոցով»:
Ի դեպ, խորհրդարանում Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում ընտրվելուց րոպեներ անց նախագահ Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանը նշանակեց վարչապետի պաշտոնում։