Բաղրամյան պողոտայում երեկ ոստիկանների կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքով տուժածներից է նաև Իրանի և Հայաստանի քաղաքացիություն ունեցող 18-ամյա Իլեն Ռոստամին։
«Հայաստանում չէի պատկերացնում, որ նման բան կլիներ, բայց եղավ», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։ - «Խլացուցիչներ, որ գցեցին, էդ պահին բան չես հասկանում, ուղղակի աչքերդ սևանում ա, ձեն ա լսվում ականջներիդ մեջ: Հետո որ աչքերս բացեցի, արյուն տեսա: Մտածում էի, որ լրիվ դեմքս ա այլանդակվել, բայց ինչ-որ ապակու մեջ հասցրեցի նայել, տեսա, որ մենակ ներքևի հատվածն ա, ավելի լավ էի զգում: Էդ պահին մենակ մտածում էի, որ վազեմ, մի հատ էլ չընկնի իմ մոտ ու ավելի վատ չլինի»:
Շրթունքի հատվածում վնասվածք ստացած Իլեն Ռոստամին, ով իր ընտանիքի հետ արդեն 13 տարի է, ինչ ապրում է Հայաստանում, ստիպված է այսօր մեկնել Իրան՝ վիրահատության համար․ - «Բժիշկները ասեցին, որ շատ շտապ վիրահատություն ա պետք: Հենց վազը կգնաս, կվիրահատես, եթե չես ուզում այլանդակված մնա դեմքդ․․․ Խաղաղ մարդկանց դեմ պետք չէր տենց: Երեխաներ էլ կան շատ փոքր տարիքի, ծեր մարդիկ էլ կան։ Կարող ա հենց ոստիկանների քույր ու եղբայրն էլ էդտեղ լիներ..պետք չէր»:
Երեկ Բաղրամյան պողոտայում ոստիկանների և ցուցարարների բախման արդյունքում բուժհաստատություններ դիմած 46 քաղաքացիներից 12-ը դեռ շարունակում է բուժօգնություն ստանալ։
Ըստ Առողջապահության նախարարության հաղորդագրության, տուժողներից մեկը երեկ վիրահատված ոստիկանն է, ում վիճակը գնահատվում է կայուն։ Մյուսների վիճակը մասնագետները գնահատում են բավարար։ Նրանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ։
Երեկ հիվանդանոց էր տեղափոխվել նաև ձեռքի վնասվածք ստացած ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը, ով առաջին բուժօգնությունը ստանալուց հետո վերադարձել էր փողոց:
«Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այս պահին շարունակում են բուժում ստանալ 2 տուժող, որոնք ունեն ստորին վերջույթների վնասվածքներ։ Թեև տուժողները չցանկացան տեսանկարահանվել, սակայն «Ազատության» հետ զրույցում ասացին, որ նման միջադեպերի ականատես շատ են եղել, բայց այս անգամ վստահ չէին, որ այն կկրկնվեր:
«Կողքիցս ընկերս ուզում էր էդ բոմբը շպրտեր մի կողմ, բայց պայթավ, տեսա բոթասը հագս չի: Ու էլ չեմ հիշում, սաղ փախնում էին էս կողմ, էն կողմ։ Կուրտկաս հալվել էր, լավ ա չէր կպել լրիվ։ Տաբատս էր պատռվել լրիվ․․․ Սալջարդերը մոտս լիքը ու այրվածքներ», - ասաց նրանցից մեկը:
Մյուսը նույնպես մոտ է գտնվել Բաղրամյան պողոտայում տեղակայված ոստիկանական պատնեշին․ - «Ոչ մեկ իհարկե չէր սպասում, որ տենց կարար լիներ։ Ու սկսեցին էդ նռնակները տրաքել ձայնային․․․ Իմ դեպքը ցույց ա տալիս, որ միայն ձայնային չի, այլ բեկորային ա նաև, որովհետև ես նույնիսկ տաբատս ցույց կտամ, որ քրքրված է ամբողջը։ Դա միայն բեկորայինի դեպքում է այդպես լինում»։
Թեև տուժողները դեռ շարունակում են բուժօգնություն ստանալ, սակայն նշում են, որ առողջանալաուց հետո էլ պատրաստ են փողոց դուրս գալ. - «Ժողովուրդը, իմ կարծիքով, պետք է ավելի ակտիվ լինի, իր երկրին, իր ապագային տեր կանգնի»։