Այսօր Վանաձորում շարունակվել են ուսանողների կազմակերպած բողոքի գործողությունները: Ցուցարարները դարձյալ փողոցներ փակեցին և «Մերժիր Սերժին» վանկարկումներով քայլերթ իրականացրին:
Օրվա ընթացքում նրանց միացան նաև «Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցիչները: ԵԾ նախագահ Զարուհի Փոստանջյանը, ելույթ ունենալով ցուցարարների կողմից փակված խաչմերուկներից մեկում, հայտարարեց, թե հեղափոխություն է սկսում:
«Սիրելի հայրենակիցներ, այսօրվանից սկսում ենք մեր հայկական հեղափոխությունը: Հեղափոխություն, որը մենք, որպես ազգ, դեռ չենք ապրել: Գյումրին ուքի է կանգնել, Վանաձորը նույնպես»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:
Պատասխանելով «Ազատության» հարցին, ԵԾ ղեկավարն ասաց․ «Վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի այսօրվա ընտրությունը գիտենք, որ ընտրություն չէ, սխալ որակում է տրվում: Մենք գիտենք, որ այսօր Հայաստանում գործում է զավթիչ իշխանություն, թաթար-մոնղոլական ծագմամբ: Մենք այդ զավթիչներին պետք է հեռացնենք և բանտարկենք: Ամեն ինչ դեռ նոր է սկսվում»:
Լրագրողների հարցին՝ արդյո՞ք այդ հեղափոխությունը կապված է Նիկոլ Փաշինյանի սկսած շարժման հետ, Փոստանջյանը պատասխանեց՝ պետք է ծավալել «ցանցային պայքար», որովհետև մի գլխին ավելի հեշտ է խոցել: «Երկիր Ծիրանիի» ղեկավարը նշեց նաև, թե ինքն ընդհանրապես պայքարում է Սերժ Սարգսյանի և հանրապետականների իշխանության դեմ: Ավելի ուշ Փոստանջյանը նաև հայտարարեց, թե մտադիր են վաղվանից միջպետական ճանապարհներ փակել:
Այսօր Վանաձորում իրականացված բողոքի գործողությունների ընթացքում ոստիկանների հետ ոչ մեծ քաշքշուկներ տեղի ունեցան, ինչի հետևանքով մի քանի երիտասարդներ թեթև վնասվածքներ ստացան: Բերման ենթարկվածներ չեն եղել: