Այսօր առավոտից Նոր Նորքի ոստիկանական բաժին են բերման ենթարկվել 14 ցուցարար՝ հիմնականում հանրահավաքի կազմակերպիչներ։
Առավոտյան ժամը 9։00-ից մինչ 16։30-ը «Ազատությունը» եղել է բաժնի մոտ, սակայն ակտիվիստներն ազատ չեն արձակվել։
Փաստաբան Հայկուհի Հարությունյանը պնդում է, որ բերման ենթարկվելուց երեք ժամ անց ակտիվիստները կա՛մ պետք է ազատ արձակվեն, կա՛մ նրանց ձերբակալելու որոշում պետք է լիներ։ Փաստաբանները վստահեցնում է, որ ազատ արձակման արձանագրություն է կազմվել, ստորագրվել, բայց ակտիվիստներին թույլ չեն տալիս դուրս գալ։
Բերման ենթարկվածների հարազատները բողոքի ակցիա իրականացրեցին ոստիկանական բաժնի մոտ՝ պահանջելով ազատ արձակել նրանց։
Ոստիկանության Նոր Նորքի բաժանի պետ Արթուր Մկրտչյանը փոխանցեց, որ բերման ենթարկվածներն իրենց տվյալները չեն հայտնում դա էլ երկարաձգում է նրանց ազատ արձակումը։ «Շուտով ազատ կարձակվեն», - ասաց Մկրտչյանը։
Փաստաբանն էլ հակադարձեց. - «Ստում է, բաց չեն թողնում, որպեսզի նրանք չգան և չմիանան ցուցարարներին»։