Մատչելիության հղումներ

Ոստիկանական բաժիններ բերման էին ենթարկվել ութ տասնյակից ավելի ակտիվիստներ


Վաղ առավոտից ոստիկանությունը քաղաքի տարբեր հատվածներից բերման էր ենթարկում ակտիվիստներին։

Ինչպես «Ազատությանը» հայտնեցին Ոստիկանության լրատվական վարչությունից, քաղաքի տարբեր հատվածներից ոստիկանությունն այսօր բերման է ենթարկել 86 քաղաքացու, որոնցից բաժանմունքներում այս պահին գտնվում են ընդամենը 6-ը, մյուս 80-ը ազատ են արձակվել:

Ակտիվիստներին ու ցուցարարներին ոստիկանները բաժին բերման էին ենթարկում դեռ վաղ առավոտից։ 8։15-ի սահմաններում Նոր Նորքի բաժանմունք տեղափոխեցին 14 ուսանողի։ Նրանք, հիշեցնեմ, հավաքվել էին Իսահակյանի արձանի հարևանությամբ, որտեղ էլ բռնի ուժի կիրառությամբ ոստիկանները նրանց ավտոբուս նստեցրեցին։

«Ազատությունը» արձանագրեց, իսկ փաստաբանները պնդեցին՝ ուսանողները ոստիկանության բաժանմունքում մնացին մոտ 8 ժամ, այսինքն՝ 5 ժամ ավելի, քան նախատեսված է օրենքով։

Ոստիկանություն եկած փաստաբան Հայկուհի Հարությունյանի խոսքով, բերման ենթարկելուց 3 ժամ անց նրանց պետք է կա՛մ ազատ արձակեին, կա՛մ քրեական գործ հարուցեին․ - «12:45-ի դրությամբ բոլոր գործողությունները բերման ենթարկվածի հետ կատարվելիք արդեն ավարտվել են, փաստաթղթերը ստորագրվել են․․․ բայց անձանց ապօրինի և բռնությամբ պահում են շենքի ներսում: Փաստաբանին և բերման ենթարկված անձին չեն թողնում, որ դուրս գա»:

Ուսանողներից Դավիթ Պետրոսյանը, ով հայտնի է «Տարկենտում լինելու է» նախաձեռնությունից, ոստիկանական բաժամունքի պատուհանից հայտարարեց՝ իրենց բաց չեն թողնում, չեն ներկայացնում նաև բաժնում պահելու հիմնավոր պատճառ․ - «Ասում եմ օրինական պահանջը ո՞րն ա, չի ասում պահանջը»:

Իրավապաշտպան Հայկուհի Հարությունյանը, ով նաև Դավիթ Պետրոսյանի փաստաբանն է, «Ազատությանը» փոխանցեց, որ ոստիկանության բաժնում երեք ժամը լրանալուց հետո ակտիվիստներին հորդորել են ստորագրել ազատ արձակման արձանագրության տակ, ինչից հետո, սակայն, արգելել են լքել ոստիկանության բաժնի տարածքը․ - «Չկա օրենքի վրա հիմնված ողջամիտ բացատրություն, որի համաձայն իրանք հիմա կկարողանան, կոնկրետ 14 անձի վերաբերյալ մենք տվյալ ունենք, այդ 14 անձանց ոստիկանության բաժնում պահելը հիմնավորեն»:

Ազատ արձակման պահանջով այսօր ոստիկանության բաժնի առջև բողոքի ակցիա էին կազմակերպել նաև բերման ենթարկված ուսանողների ընկերները։ Նրանց մոտեցած Նոր Նորքի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը հայտարարեց, թե ազատ արձակումը ձգձգվում է, քանի որ բերման ենթարկվածները հրաժարվում են տվյալներ ներկայացնել։

Մինչդեռ փաստաբանը հակադարձում էր՝ բաժնի պետը ստում է․ - «Ես նկարել եմ առանձին մարդկանց վերաբերյալ կազմված նյութերը: Ոստիկանությունը չի կարա չճշգրտված տվյալ ունենա, որովհետև իրանց բազային տպված արդեն նկարի տեսքով՝ անձնագրային տվյալները ներառյալ, տեղեկությունները կար»:

Մոտ 30 ակտիվիստներ տեղափոխվել էին ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում։ Իրենք՝ ցուցարարները, սոցիալական ցանցերի միջոցով ահազանգում են, որ պատանդ են մնացել ոստիկանությունում։

Ցուցարարներից Վանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ - «Արաբկիր բաժնում 33 հոգով գերի ենք մնացել: Արձանագրությունները կազմել են, լցրել են մի սենյակում, ու առանց բացատրության բաց չեն թողնում: Փաստաբանների աշխատանքը խոչընդոտվում է»։

«Ազատության» հետ զրույցում բերման ենթարկվածներից Արթուր Մամաջանյանի փաստաբան Լուսինե Վիրաբյանը փոխանցեց, որ խոչընդոտվել էր իր մուտքը բաժանմունք․ - «Տեղի ոստիկաններն ասում են, թե ինչ-որ բանալի է կորել, ու չեն կարողանում դռները բացել»:

«Ազատությունը» արձանագրեց նաև, որ ցուցարարների՝ այնտեղ գտնվելու ընթացքում Արաբկիրի բաժին էին մտել շտապ օգնության աշխատակիցները, որոնք մոտ 20 րոպե ներսում մնալուց հետո, հեռացել էին։

Իր որդուն բերման ենթարկելու մասին այսօր ահազանգել էր Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։ Ըստ նրա, պատգամավորի որդուն տեղափոխել էին ոստիկանության Շենգավիթի բաժին և 3 ժամը չլրացած ազատ արձակել։

Սակայն ուժային կառույցից հերքեցին այս լուրը՝ պնդելով, որ Փաշինյանի որդուն ոստիկանության բաժնի չեն տեղափոխել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG