Մատչելիության հղումներ

Փաշինյան. «Մեր խնդիրն իշխանությունը կաթվածահար անելն է»


«Ազատության» հարցազրույցը Նիկոլ Փաշինյանի հետ։

«Ազատություն». - Ազգային ժողովի հատուկ նիստը հիմա կայանում է, և ամենայն հավանականությամբ շուտով նաև տեղի կունենա վարչապետի ընտրությունը։ Դուք ինչպե՞ս եք պատրաստվում հասնել իշխանափոխության, եթե Սերժ Սարգսյանը մոտ երկու ժամից, ամենայն հավանականությամբ, արդեն վերցնում է երկրի ղեկը՝ ինքն է ուժայիններին հրամաններ տալու։

Փաշինյան. - Մենք հայտարարել ենք ժողովրդական հեղափոխության մեկնարկը և մենք հիմա այդ հեղափոխությանը հաղթանակ բերելու մարտավարություն ենք որդեգրում։ Մի քանի պետական գերատեսչությունների շենքերը շրջափակված են՝ մուտքերը՝ նստացույցի միջոցով, և մենք շարունակելու ենք այդ նստացույցերը, շարունակելու ենք ավելի մեծ թվով գերատեսչությունների դիմաց նստացույց հայտարարել՝ այնտեղ, որտեղ հնարավոր կլինի, ներսում հայտարարել նստացույց։ Մեր խնդիրը պետական ողջ համակարգի աշխատանքը կաթվածահար անելն է։ Մեր հայրենակիցներին գյուղերում, մարզերում կոչ ենք անում նույն կերպ վարվել մարզպետարանների, քաղաքապետարանների, գյուղապետարանների և հանրապետական մարմինների մարզային գերատեսչությունների հետ։

«Ազատություն». - Մինչև ե՞րբ, պարոն Փաշինյան, որ չձևավորվի կառավարություն, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա պաշտոնը դեռ չստանձնած...

Փաշինյան. - Այո՛, պետք է ժողովրդի ճնշման ներքո էդ պրոցեսները կանգնեն, այսինքն՝ եթե չի կարողանում կառավարի ամբողջ պետական կառավարման համակարգն արդեն նշանակում է կառավարությունը երկիրը չի կառավարում, այլ երկիրն ինքնակառավարվում է։ Սա է մեր նպատակը։

«Ազատություն». - Որպեսզի ցրվի՞ խորհրդարանը, ճի՞շտ եմ։

Փաշինյան. - Տվյալ դեպքում, երբ որ խոսում ենք վարչապետի հրաժարականի հնարավորի մասին, ընդհանրապես, այո՛, պետք է տեղի ունենան նաև ընտրություններ, բայց արտահերթ ընտրությունների պրոցեդուրան մի փոքր այլ է. մեր խնդիրն իշխանությունը կաթվածահար անելն է։ Պատկերացրեք մի իրավիճակ, որ նախարարությունները չեն աշխատում, ոչ մի գերատեսչություն չի աշխատում, ում զանգում են տեղում չի, կամ չկա չի կարող գործել և դրանից բխում են այլ հետևանքներ։

«Ազատություն». - Պարոն Փաշինյան, որքան էլ դուք ասում եք՝ մերկ ձեռքերով, խաղաղ ցույցեր, այնուամենայնիվ երեկ հատուկ միջոցներ կիրառվեցին, տուժածներ եղան։ Դուք ունե՞ք սցենար ինչպես խուսափել արյունահեղությունից, զոհերից, ի վերջո հայտարարվում է, որ ուժի կիրառմամբ, հատուկ միջոցների գործադրմամբ այս հավաքը ցրվելու է։

Փաշինյան. - Գիտեք, Մենք հենց էդ մարտավարությունն ենք որդեգրել, որ մեր հավաքը պետք է շարունակվի ցանցային եղանակով և այնպիսի տեղանքներում և այնպիսի մասշտաբներում, որի ցրելու մասին խոսք լինել չի կարող։ Այսինքն՝ կան հանրահավաքներ, որոնք ընդհանրապես չեն ցրվում, նույն էլ երեկվա հանրահավաքը, նրանք չկարողացան ցրել, և մենք պետք է շարունակենք էդ մասշտաբները պահպանենք և ավելացնենք, որպեսզի մեր քաղաքական գործընթացը՝ ժողովրդական թավշյա անարյուն ոչ-բռնի հեղափոխությունը հասնի տրամաբանական ավարտին։

«Ազատություն». - Ընդդիմադիր այլ գործիչներին ասելիք ունե՞ք, ի վերջո փաստ է, որ այս օրերին միայնակ եք առաջնորդում այս շարժումը՝ ձեր կուսակիցների հետ համատեղ։

Փաշինյան. - Հիմա արդեն որևէ ասելիք չունեմ, որովհետև ժողովրդական հեղափոխությունը սկսված է և ժողովրդական հեղափոխությունը կհաղթի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG