Սերժ Սարգսյանի իշխանավարման ժամկետի երկարաձգման դեմ պայքարի դուրս եկած «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ մեկնարկում է ժողովրդական ոչ-բռնի թավշյա հեղափոխություն:
«Ազգային ժողովում արդեն իսկ սկսվել է այս խամաճիկային նիստը, իսկ Հանրապետության տարբեր քաղաքներում բողոքի զանգվածային ցույցեր են», - դիմելով Երևանի Ֆրանսիայի հրապարակում հավաքված ցուցարարներին՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: - «Հայաստանում հաստատված է հեղափոխական իրավիճակ, և ես հիմա այստեղ հայտարարում եմ ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության մեկնարկը»:
Սերժ Սարգսյանի իշխանավարման շարունակման դեմ պայքարը գլխավորող՝ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, իր աջակիցներին կոչ էր արել այսօր շրջափակել խորհրդարանի շենքը և այդպիսով տապալել նիստը: Ընդդիմադիր գործիչը կոչ է արել նաև արգելափակել Երևանի և մյուս բնակավայրերի փողոցները, մետրոպոլիտենը, երկրի ավտոճանապարհները:
Այսօր առավոտյան ընդդիմադիրները Երևանի տարբեր հատվածներում քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են իրականացնում, փողոցներ փակում: Չնայած ընդդիմադիրների ջանքերին՝ նիստը մեկնարկեց և քվորումն ապահովված է:
Դիմելով ցուցարարներին՝ Փաշինյանը հիշեցրեց առավոտյան տեղի ունեցած զարգացումները և փաստեց․ - «Եթե մենք ճկուն չգտնվեինք, այսօր մենք, հնարավոր է, ջախջախվեինք ոստիկանության կողմից: Եվ մենք պետք է ճկուն գտնվենք նաև հիմա»:
«Թավշյա հեղափոխության» մեկնարկը ազդարարած Փաշինյանը ներկայացրեց իրենց հետագա քայլերի ծրագիրը․ - «Նրանք հիմա ամբողջ Հայաստանի ուժային կառույցները հավաքել են այնտեղ և մեզ սպասում են այնտեղ, բայց մենք ուրիշ բան կանենք: Մենք հիմա երթով կշարժվենք այն ուղղությամբ, և գործողություններ կանենք մնացած բոլոր կառավարական շենքերի գործողությունը պարալիզացնելու ուղղությամբ: Այնտեղ որտեղ կհաջողվի ներս մտնել՝ ներս կմտնենք, ներսում նստացույց կանենք: Այնտեղ, որտեղ չի հաջողվի ներս մտնել, նստացույց կանենք մուտքերի դիմաց և ոչ մեկին թույլ չենք տա ներս մտնել, դուրս եկողներին՝ միայն մեզ միանալու պայմանով»:
Կրկին անգամ զգուշացնելով, որ իրենց քայլերը պետք է բացառապես խաղաղ բնույթ կրեն, Փաշինյանը աջակիցների հետ շարժվեց դեպի Դատախազություն և Արտաքին գործերի նախարարության շենքը:
«Ազատությունը» ուղիղ եթերով հետևում է զարգացումներին․