Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին բողոքի ակցիա է անցկացնում Դեմիրճյան – Պռոշյան խաչմերուկում՝ պառկելով փողոցում, ոստիկանների արգելապատնեշի մոտ:
«Ճանապարհս փակել են, փաստացիորեն տուն չեն թողնում գնալ: Երեկ էլ նույն խնդիրը կար՝ մի հարյուր մետր ավելի առջև, ոստիկանները իմ դեմը փակեցին, ասացին՝ չեն թույլատրում գնալ: Ասացի՝ չեք թողնում գնալ՝ չեմ գնա: Այ, այսպես պառկեցի, մինչև իրենք ճանապարհը բացեցին, հրավիրեցին, ի դեպ՝ որոշակիորեն ավելի բարեկիրթ, քան երբևէ: Եվ ես գնացի տուն», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ակտիվիստը: - «Հիմա էլ, որ ճանապարհը բացեն, ես, իհարկե, նախ տուն կգնամ, բայց անպայման նորից այսօր ես այս շարժմանը մասնակցելու եմ առաջին հերթին հենց իմ տան դիմացից, որովհետև իմ տունը գտնվում է Դեմիրճյան փողոցում, ԱԺ-ից ընդամենը մի 100 մետր ներքև: Փորձելու եմ իրականացնել այն ծրագիրը, որը հրապարակել է Նիկոլ Փաշինյանը», - հավելեց Վարդգես Գասպարին:
Հարյուրավոր ընդդիմադիր ակտիվիստներ, ովքեր հանդես են գալիս վարչապետի պաշտոնում նախկին նախագահ Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգման դեմ, կրկին փակում են Երևանի կենտրոնական փողոցները՝ կաթվածահար անելով երթևեկությունը:
Ցուցարարների գործողություններին ընդառաջ՝ ոստիկաններն էլ իրենց հերթին արգելափակել են Ազգային ժողովին մոտեցող մի շարք փողոցներ:
Սերժ Սարգսյանի իշխանավարման շարունակման դեմ պայքարը գլխավորող ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, իր աջակիցներին կոչ է արել այսօր շրջափակել խորհրդարանի շենքը և այդպիսով տապալել նիստը: Ընդդիմադիր գործիչը կոչ է արել նաև արգելափակել Երևանի և մյուս բնակավայրերի փողոցները, մետրոպոլիտենը, երկրի ավտոճանապարհները:
Նախօրեին ցուցարարների և ոստիկանների միջև ընդհարում տեղի ունեցավ Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի մատույցներում, որի հետևանքով 46 մարդ մարմնական վնասվածքներ ստացավ:
Դատախազությունը նույն օրը հաղորդեց, որ «Հավաքների ազատության մասին» օրենքի խախտման հիմքով քրգործեր է հարուցել: Ոստիկանությունն էլ գիշերը հայտարարությամբհանդես եկավ՝ պահանջելով ցույցերի կազմակերպիչներից «չշարունակել անօրինական հավաքը՝ զերծ մնալու համար հավաքը ցրելու միջոցներ կիրառելու ոստիկանության պարտականության կատարումից»:
Նշենք նաև, որ ցուցարարները չորրորդ գիշերն անցկացրեցին Երևանի Ֆրանսիայի հրապարակում, որը փակել են ապրիլի 13-ին: