Մատչելիության հղումներ

Ազգային ժողովում այսօր նախատեսված է վարչապետի ընտրությունը


Հայաստանի Ազգային ժողովի նիստ, ապրիլ, 2018թ․
Հայաստանի Ազգային ժողովի նիստ, ապրիլ, 2018թ․

Այսօր ժամը 12-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում նախատեսված է քննարկել Հայաստանի վարչապետի ընտրության հարցը:

Ապրիլի 9-ին ավարտվեց որպես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, և Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանը ստանձնեց երկրի նախագահի պաշտոնը: Կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, հրաժարական տվեց: Իշխող Հանրապետական կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը, որին կոալիցիան ՀՅ Դաշնակցությունը հավանություն տվեց:

Հայաստանի նոր Սահմանադրությամբ վարչապետը գործադիր իշխանության փաստացի ղեկավարն է:

Սերժ Սարգսյանի իշխանավարման շարունակման դեմ պայքարը գլխավորող՝ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, իր աջակիցներին կոչ է արել այսօր շրջափակել խորհրդարանի շենքը և այդպիսով տապալել նիստը: Ընդդիմադիր գործիչը կոչ է արել նաև արգելափակել Երևանի և մյուս բնակավայրերի փողոցները, մետրոպոլիտենը, երկրի ավտոճանապարհները:

Նախօրեին ցուցարարների և ոստիկանների միջև ընդհարում տեղի ունեցավ Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի մատույցներում, որի հետևանքով 46 մարդ մարմնական վնասվածքներ ստացավ:

Դատախազությունը նույն օրը հաղորդեց, որ «Հավաքների ազատության մասին» օրենքի խախտման հիմքով քրգործեր է հարուցել: Ոստիկանությունն էլ գիշերը հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով ցույցերի կազմակերպիչներից «չշարունակել անօրինական հավաքը՝ զերծ մնալու համար հավաքը ցրելու միջոցներ կիրառելու ոստիկանության պարտականության կատարումից»:

Նշենք նաև, որ ցուցարարները չորրորդ գիշերն անցկացրեցին Երևանի Ֆրանսիայի հրապարակում, որը փակել են ապրիլի 13-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG