Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ փողոց դուրս եկած մի քանի տասնյակ ուսանողներ, վաղ առավոտյան մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտակայքից երթ սկսեցին՝ փակելով հարակից ճանապարհներն ու խաչմերուկները: Րոպեներ անց արդեն փակ էր Աբովյան-Կորյուն խաչմերուկը, հետո փակեցին Հերացի-Կորյուն խաչմերուկը: Ուսանողները ճանապարհները փակում էին նստարաններով ու աղբարկղերով:
Երբ ցույցի մասնակիցները Հերացի-Կորյուն փողոցների խաչմերուկում նստեցին փողոցում, Չարենցիի փողոցից մեծ արագությամբ դեպի ուսանողները սլացան սև «Մերսեդես» ու սպիտակ «Տոյոտա» մակնիշի մեքենաներ: Դրանցից իջան 5-6 ուղևորներ ու սկսեցին վիճել ուսանողների հետ՝ հարվածներ հասցնելով նրանց:
Ցուցարարները դժգոհեցին՝ ինչո՞ւ ոստիկանները թույլ տվեցին, որ իրենց ծեծի ենթարկած թիկնեղ քաղաքացիներին անարգել հեռանալ: Երևանի ավագանու «Ելք» խմբակցույթան անդամ Արայիկ Հարությունյանն ու «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը ոստիկաններին մեղադրեցին անգործության մեջ:
«Մարդիկ ցուցարարների վրա հարձակվել էին, ոստիկանները անգործություն էին ցուցաբերում: Դուք գոյություն ունե՞ք էս երկրում», - վրդովվեց Իոաննիսյանը:
«Չգիտեմ ում պահակազորն էր կամ չգիտեմ ում զավակներն էին՝ ծեծի էին ենթարկում ուսանողներին ու որևէ մեկը գրեթե չէր միջամտում», - մեկնաբանեց Արայիկ Հարությունյանը:
Հենց այս միջադեպից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Կորյուն փողոցից շարժվում է դեպի Հերացի՝ ուսանողներին միանալու նպատակով: Մեծ թվով ոստիկաններ, հատկապես կարմիր բերետավորներ մոտեցան ուսանողներին ու նրանց հեռացրեցին փողոցից:
Նիկոլ Փաշինյանը ցուցարարների մյուս խմբի հետ միացավ Կորյուն խաչմերուկում գտնվող ուսանողներին ու քայլեցին դեպի մանկավարժական համալսարան, մտան ներս ու Փաշինյանն կոչ արեց ուսանողներին միանալ իրենց ցույցին:
Որոշ ուսանողները միացան Նիկոլ Փաշինյանին ու երթով շարժվեցին դեպի Բաղրամյան փողոց: Երբ Փաշինյանը փորձեց ճեղքել պատնեշն ու գնալ ԱԺ, դրան հաջորդեց ոստիկանների կողմից հատուկ միջոցների կիրառումը: Ցույցի մասնակիցներից 23-ամյա Յուրի Ավագյանն «Ազատությանն» ասաց՝ պայթուցիկ սարքից ոտքը վնասվել է:
Ի դեպ, մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Կորյուն-Հերացի խաչմերուկում ցույցի մասնակիցներին ուղղությամբ սլացող մեքենաներից մեկի վարորդը, ով աչքի էր ընկնում իր ագրեսիվ պահվածքով, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրն է՝ Գոռ Համբարձումյանը: Մասիսի քաղաքապետն այսօր ողջ օրվա ընթացքում անպատասխան թողեց մեր զանգերը: Ոստիկանությունից փոխանցեցին, որ այս միջադեպի դեպքով նյութեր են նախապատրաստվում: Գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ ի պատասխան «Ազատության» հարցի նշել է՝ միջադեպի հետ կապված ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտե՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու համար: