Առաջինը ոստիկանների պնդմանը տեղի տվեցին վարորդները, որոնք հեռացրին իրենց ավտոմեքենաները։
Արդեն միակողմանի բացված փողոցի մյուս հատվածին նստեցին ցուցարարները՝ սահմանափակելով մեքենաների շարժը։ Նստացույցը ցրեցին ավելի ուշ դեպքի վայր եկած ոստիկանության հատուկջոկատայինները։
Ավելի վաղ ցուցարարներին մոտեցած ոստիկանության գնդապետը տարբեր կերպ հորդորում էր հավաքվածներին տեղափոխվել Ֆրանսիայի հրապարակ, նշելով, որ դա Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է։
Ցուցարարները մերժեցին ոստիկանության հորդորները և չբացեցին փողոցը, նշելով, որ իրենց նպատակն է կաթվածահար անել մայրաքաղաքի երթևեկությունը և ավելացնել անհնազանդությանը միացողների քանակը։
Դրան զուգահեռ, սակայն պարբերաբար ցույցին մոտենում էին քաղաքացիներ՝ պահանջելով բացել ճանապարհը և անհարմարություններ չպատճառել։ Կիևյանը ժամանակավորապես բացվում էր միայն շտապ օգնության մեքենաների համար։
Ուժի կիրառմամբ ցույցը ցրելուց և փողոցը բացելուց հետո անգամ, քաղաքացիները հրաժարվում էին հեռանալ Կիևյանից։ Հատուկջոկատայինները շթղա կազմեցին՝ թույլ չտալով ցուցարարներին իջնել մայթերից և կրկին մոտենալ փողոցին։
Փողոցի փակմանը, ի դեպ, մասնակցում էր նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Ակցիայի նպատակների մասին հարցին ի պատասխան Մարտիրոսյանը նշեց, որ ինքն այս պահին որոշում ընդունող չէ և խաղաղ անհնազանդությանը մասնակցում է որպես շարքային քաղաքացի։
Նիկոլ Փաշինյանին իրենց համերաշխությունը հայտնած «Հանուն Հայաստան պետության» ճակատի ներկայացուցիչները, այդ թվում Արմեն Մարտիրոսյանը հանրահավաքներին ելույթներ չեն ունենում։
Ազատության» հարցին, թե արդյոք տարաձայնություն կա իրենց նախաձեռնության ու Փաշինյանի միջև, Մարտիրոսյանը պատասխանեց․ - «Այդ մասին հետո կխոսենք»։