Մատչելիության հղումներ

Մարուքյանն ու Սարգսյանն ասում են՝ «Մենք այստեղ ենք, քանի որ բռնություն է եղել»


Երևան, 16-ը ապրիլի, 2018 թ․
Երևան, 16-ը ապրիլի, 2018 թ․

«Մեր բոլոր տեքստերն ուժի մեջ են, մենք ասել ենք, որ բռնություն լինի այստեղ ենք լինելու և հիմա այստեղ ենք»,- այսօր, պատասխանելով «Ազատության» հարցին, այս մասին ասաց «Ելք» դաշինքին անդամակցող «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով «Ելքի» մյուս գործընկերոջ՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ այսօր եկել էր Բաղրամյան պողոտա:

Հարցին՝ նշանակու՞մ է արդյոք այստեղ ձեր ներկայությունը, որ դուք միանում եք Նիկոլ Փաշինյանի շարժմանը, Մարուքյանը պատասխանեց․ «Սա նշանակում է՝ մենք այստեղ ենք, որ բռնություն չկիրառվի»: Արամ Սարգսյանն, իր հերթին, «Ազատությանն» ասաց․ «Ինչպես խոստացել էի՝ գործընթացին ամբողջությամբ կանդրադառնամ ամսի 19-ից հետո, իսկ հիմա, նորից նշեմ՝ եթե բռնություն լինի, ուժ կիրառվի, անպայման կլինեմ իմ ընկերների հետ»:

Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի իշխանավարման դեմ բողոքի ակցիաներ նախաձեռնած ցուցարարները ապրիլի 13-ից փակել են Երևանի Ֆրանսիայի հրապարակը: Ապրիլի 16-ի վաղ առավոտից ցուցարարները արգելափակեցին երթևեկությունը քաղաքի մի շարք այլ բանուկ փողոցներում՝ տեղադրելով նստարաններ, աղբամաններ:

Ավելի ուշ, երբ ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փորձեց մտնել Ազգային ժողովի շենք, ոստիկանները համաձայնեցին թույլ տալ միայն նրա և մյուս երեք պատգամավորների մուտքը: Փաշինյանը փորձեց արգելափակոցի վրայով անցնել դեպի ոստիկանության պատնեշը: Ոստիկանները խոչընդոտեցին նրա և նրան հետևող ցուցարարների առաջխաղացումը, ինչին հաջորդեց քաշքշուկը, ոստիկանությունը հատուկ միջոցներ օգտագործեց: Վնասվածքներ ստացած Նիկոլ Փաշինյանը, մի շարք ցուցարարներ և ոստիկաններ տեղափոխվեցին հիվանդանոցներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG