«Ազատություն»․ - Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը: Կաթվածահար վիճակում են գլխավոր պողոտաները, ճանապարհները փակ են, ամբողջ Բաղրամյանը ոստիկանական արգելապատնեշների մեջ է գտնվում:
Բաղդասարյան․ - Շատ նորմալ քաղաքական գործընթաց է: Հարգանքով ենք վերաբերվում խաղաղ երթերին, ցույցերին: Սա դրսևորման ձև է, որ մեր քաղաքական գործընկերները իրենց ճանապարհային քարտեզը գծել են: Եվ իրենք, օրենքի շրջանակներում եթե կգործեն, որևէ խոչընդոտ չի լինի, և մենք շատ համբերատար և հարգանքով կվերաբերվենք նրանց ակցիային:
«Ազատություն»․ - Փողոցները փակելը Դուք օրինական եք համարում պայքարի շրջանակներում․․․
Բաղդասարյան․ - Դրա գնահատականները կտան համապատասխան մարմինները: Եթե կլինի օրենքի խախտումներ, բնականաբար, նրանց կարգի կհրավիրվի: Եվ ամենակարևորը նա է, որ ամեն ինչ լինի հանդարտ: Սա քաղաքական պրոցես է, սա ժողովրդավարության հաստատման ևս մի քայլ է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ, յուրաքանչյուր անհատ կարող է իր ազատ խոսքի ձայնը ունենալ, իր ազատ արտահայտման ձևը ունենալ․․․ Մենք հարգանքով ենք վերաբերվում:
«Ազատություն»․ - Վաղը Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ խափանվի վարչապետ ընտրելու հնարավորությունը Ազգային ժողովում:
Բաղդասարյան․ - Ես չեմ կարծում: Մենք մեր բնականոն գործընթացը պետք է շարունակենք: Մենք Ազգային ժողովում հատուկ նիստը, արդեն հայտարարված է, կկայացնենք և օրակարգը մինչև սպառվելը մենք կաշխատենք:
«Ազատություն»․ - Շենք փոխելու կամ նման խնդիր չունե՞ք այս պահին
Բաղդասարյան․ - Մեր շենքը Ազգային ժողովն է, Ազգային ժողովի նիստերի դահլիճը:
«Ազատություն»․ - Բացառո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանը ինքը չկարողանա հասնել Ազգային ժողով, և դուք չկարողանաք ընտրել նրան:
Բաղդասարյան․ - Դուք արդեն ֆանտաստիկայի ժանրից եք հարցեր տալիս: Բոլորը կներկայանան Ազգային ժողով, քննարկումները կլինի շատ նորմալ, ինձ թվում է՝ շատ բարեկիրթ մթնոլորտում, և դրա ականատեսը կլինեք: Մի փոքր էլ համբերեք, ընդամենը 24 ժամ է մնացել»:
«Վաղը Ազգային ժողովը կընտրի վարչապետին»
Էդուարդ Շարմազանով․ - Բոլոր գործողությունները, որոնք բխում են քաղաքացու ազատ իրավունքներից, և չի հակասում օրենսդրությանը, նորմալ ա: Բոլոր գործողությունները, որոնք որ չեն բխում օրենսդրությունից և սահմանափակում են այլ քաղաքացիների իրավունքները, բնականաբար, աննորմալ է․․․
«Ազատություն»․ - Հիմա ինչ որ տեղի է ունենում օրենքի շրջանակո՞ւմ է
Շարմազանով․ - Կան համապատասխան կառույցներ, որոնք գնահատական կտան:
«Ազատություն»․ - Դուք բացառո՞ւմ եք, որ վաղը այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ ինչպես Դուք, այնպես էլ Սերժ Սարգսյանը չկարողանաք ժամանել խորհրդարան:
Շարմազանով․ - Բացառում եմ: Հանգիստ եղեք: Վաղը Ազգային ժողովը կընտրի վարչապետին:
«Ազատություն»․ - Բացառո՞ւմ եք, որ այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ փոխվի Ազգային ժողովի նիստի, վարչապետի ընտրության վայրը:
Շարմազանով․ - Նման օրակարգ չկա, նման քննարկում չենք ծավալել: Անհրաժեշտությունն էլ չեմ տեսնում: