Մատչելիության հղումներ

Հանրապետականն ու Դաշնակցությունը վստահ են՝ վաղը խորհրդարանում անարգել վարչապետ են ընտրելու


ՀՅ Դաշնակցությունն անօրինական է համարում «Իմ Քայլը» նախաձեռնության առաջնորդ, ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գործողությունները և կարծում է, որ փողոցները պետք է բացվեն։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վստահ է՝ վաղն իրենք խորհրդարանում անարգել վարչապետ են ընտրելու։

Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հավաստիացրեց, որ այսօր առանց խոչընդոտի եկել է Ազգային ժողով և համոզված է, որ վաղը և՛ս անարգել մտնելու է խորհրդարան։

Իշխող կոալիցիայի երկու խմբակցությունների ղեկավարները վստահեցնում են, որ վարչապետի ընտրության քննարկումները տեղի են ունենալու Ազգային ժողովում։

Նշենք, որ տեղեկություններ կային, որ հաշվի առնելով լարված իրավիճակը, քննարկումները պետք է տեղի ունենային Երևանից դուրս։

«Վարչապետը ծնվելու է խորհրդարանից», - ասաց Ռուստամյանը։

«Ազատության» հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ընդդիմադիրների այս ակցիաները՝ փողոցներ, գլխավոր պողոտաներ փակելը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. - «Քաղաքական գործընթաց է, հարգանքով եմ վերաբերվում խաղաղ երթերին, ցույցերին, դա դրսևորման ձև է, եթե օրենքի շրջանակում կգործեն, որևէ խոչընդոտ չի լինի, և մենք համբերատար, հարգանքով կվերաբերվենք նրանց ակցիաներին»։

Ճշտող հարցին, թե իրավաչա՞փ են համարում փողոցների փակումը, ՀՀԿ խմբակցության ղեկավարն արձագանքեց, որ դրա գնահատականը կտան իրավապահ մարմինները։

Մեկ այլ հարցի, թե մտավախություն չունե՞ն, որ վաղը կխափանվի վարչապետի ընտրությունը, Բաղդասարյանը պատասխանեց. - «Չեմ կարծում, որ խափանվի»։

ՀՀԿ խմբակցության ղեկավարը հավելեց, որ վարչապետի ընտրության վայրը փոխելու խնդիր չունեն։ «Մեր շենքն Ազգային ժողովն է և Ազգային ժողովի դահլիճը», - ասաց Բաղդասարյանը։

«Ազատության» հարցին, թե բացառո՞ւմ է, որ կարող է փողոցները փակվեն, և վարչապետի թեկնածուն ինքը չկարողանա գալ և հասնել խորհրդարան, Բաղդասարյանը պատասխանեց՝ դա ֆանտաստիկայի ժանրից է։

«Բան չի մնացել, 24 ժամ է մնացել, կգանք, կընտրենք ու Դուք կտեսնեք», - ասաց Բաղդասարյանը։

Նշենք, որ այսօր ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համատեղ նիստ են անցկացնում, որպեսզի պաշտոնապես խորհրդարանում առաջադրեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG