Իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի իշխանավարումը որպես վարչապետ շարունակելու դեմ պայքարը գլխավորող՝ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր․
«Ազատություն»․ - Հանրապետականը պետք է ասի հետևյալը՝ «մենք հաղթել ենք ընտրություններում, մենք ենք որոշում, թե ով է լինելու վարչապետը, որովհետև այդպես է գրված Սահմանադրությունում, և մենք որոշել ենք, որ այդ թեկնածուն պետք է լինի Սերժ Սարգսյանը, և այստեղ որևէ խախտում՝ իրավական տեսանկյունից, Սահմանադրության տեսանկյունից, չկա, ինչո՞ւ եք դուք դեմ, որ լինի Սերժ Սարգսյանը»: Խնդրում եմ՝ այս փաստարկին հակաճառեք:
Նիկոլ Փաշինյան․ - Հանրապետականներն ասում են՝ «մենք ենք որոշում, և մենք կորոշենք», մենք ասում ենք՝ «մենք կփորձենք ապացուցել հակառակը, որ դուք չեք որոշում, ժողովուրդն է որոշում»: Եվ եթե ժողովուրդը վաղվա քաղաքացիական զանգվածային անհնազանդության գործողությունները անի, մենք կապացուցենք, որ ժողովուրդն է որոշում, ոչ թե իրենք են որոշում՝ անկախ ամեն ինչից:
Հիմա նույնիսկ չեմ ուզում խոսել էն մասին, որ ընտրությունների արդյունքները ձևավորվել են համատարած ընտրակաշառքի պայմաններում, և դա գիտի Հայաստանի Հանրապետության ամեն քաղաքացի: Սա նշանակում է, որ ընտրությունների արդյունքները ձևավորվել են զանգվածային հանցագործությունների պայմաններում:
Բայց եթե նույնիսկ էդպես չի, եկեք մի ուրիշ իրավիճակ նայենք: Ասենք, օրինակ, որևէ քաղաքական ուժ ընտրություններում հաղթել է, լրիվ մաքուր ընտրություններում՝ ազատ, արդար, թափանցիկ, և գալիս է մի տարի իշխանության մնալուց հետո, ասում է՝ «գիտեք ինչ, Ղարաբաղը պետք է տանք Ադրբեջանին»: Ու ինքը ընտրություններում հաղթել է, ընտրություններում էդ մասին խոսք չի եղել, և այլն, և այլն: Հիմա, մենք պիտի ասենք՝ հա, դե որ ընտրություններում հաղթել է էս քաղաքական ուժը, ընտրություններն էլ եղել են ազատ, արդար, թափանցիկ, ուրեմն՝ թողնենք Ղարաբաղի հանձնեն Ադրբեջանի՞ն, Մեղրին էլ հետը՞: Այսինքն՝ մեր ժողովուրդը իրավունք չունի՞ իր շահերը պաշտպանելու:
«Ազատություն»․ - Իսկ ի՞նչ կլինի, թե Հանրապետականը այլ թեկնածու առաջադրի, այդ դեպքում դուք կհամարեք, որ ձեր ծրագիրը իրականացա՞վ, և դուք հաղթեցի՞ք այս ձեր բողոքի արշավով: Սա կհամարե՞ք արդյունք:
Փաշինյան․ - Եթե վաղը, օրինակ, Հանրապետականը որոշի, որ Սերժ Սարգսյանը չէ վարչապետի թեկնածուն, այլ, ասենք, Կարեն Կարապետյանը, դա ի՞նչ է նշանակում՝ դա նշանակում է, որ նրանք ժողովրդի ճնշումների ներքո տեղի են տվել: Եվ եթե ժողովուրդը կարողացել է էնպես անել, որ Սերժ Սարգսյանը չլինի վարչապետի թեկնածու և վարչապետ, կարող է առավել ևս դա անել Կարեն Կարապետյանի պարագայում:
Այսինքն՝ եթե ժողովուրդը հաղթել է արդեն, իսկ Սերժ Սարգսյանը կարող է վարչապետի թեկնածու կամ վարչապետ չլինել ժողովրդի հաղթանակի դեպքում, էն պարագայում, երբ ժողովուրդը տասնյակ հազարներով փողոց է դուրս եկել և իր իշխանությունը հաստատել, էդ դեպքում ինչի՞ պետք է մենք համաձայնենք Հանրապետականի կողմից առաջադրված ուրիշ թեկնածուի:
Եթե մենք կարողանանք կասեցնել Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը, մենք կկարողանանք կասեցնել առավել ևս ցանկացած ուրիշ հանրապետականի ընտրություն, և մենք հենց էդպես էլ վարվելու ենք: