Կորյուն-Հերացի փողոցների խաչմերուկում բախում տեղի ունեցավ ցուցարարների և 62SS465 պետհամարանիշով մեքենայի վարորդի միջև։
Վարորդն ու ուղևորները հարձակվեցին ակտիվիստների վրա, հարվածներ հասցրեցին նրանց և ճեղքելով ուսանողական պատը նստեցին մեքենան և հեռացան։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը ոստիկաններին մեղադրեց անգործության մեջ։
«Մարդկանց ծեծում են, վրաերթի են ենթարկում դուք կողքից կանգնած դիտորդի դերում եք։ Հանցագործություն է տեղի ունենում, դուք կանգնած դիտորդի դերում եք, դուք պետք է հանցագործներին բռնեք, իսկ դուք թողեցիք, որ հանցագործները թողնեն գնան։ Չի կարելի անգործություն ցուցաբերել, մի քիչ դուխով եղեք, կրիմինալին պետք է կանգնեցնեք, չի կարելի կողքից նայել, թե ոնց են մարդկանց ծեծում», - ասաց Իոաննիսյանը տեղում ծառայություն իրականացնող ոստիկաններին։
Հիշեցնենք, իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի իշխանավարումը որպես վարչապետ շարունակելու դեմ պայքարը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը կիրակի օրը հրապարակեց քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունների ծրագիր, որով նախատեսում է, մասնավորապես, այսօր առավոտից փողոցների, կամուրջների, մետրոպոլիտենի արգելափակում:
Այսօր առավոտյան ցուցարարները արգելափակել են Երևանի մի քանի կենտրոնական փողոցներ: