Իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի իշխանավարումը երկարաձգելու դեմ պայքարի դուրս եկած ցուցարարները երկրորդ լուսբացը դիմավորեցին Ֆրանսիայի հրապարակում։ Գիշերն անցել է հանգիստ՝ առանց միջադեպերի, ոստիկանական որևէ գործողություն չի իրականացվել։
Այսօր ժամը 14։00-ին «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցության նախագահ, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կրկին հանրահավաք է հրավիրել, իսկ հիմնական հանրահավաքը նախատեսված է 18։30-ին, որտեղ էլ կհայտարարվեն հետագա անելիքների մասին։
Նշենք, որ օրեր առաջ ցուցարարներին հաջողվել էր մուտք գործել Երևանի պետական համալսարանի շենք, երեկ էլ նրանք ներխուժեցին Հանրային ռադիո շենք, Փաշինյանը ուղիղ եթեր պահանջեց։ Ընդդիմադիր գործչի պահանջը չբավարարվեց, Փաշինյանն էլ ռադիոյի ստուդիայից ուղերձով հանդես եկավ ներկա լրատվամիջոցների տեսախցիկների և միկրոֆոնների առջև: Նա մասնավորապես հայտարարեց, որ Հանրային ռադիոյի շենք ցուցարարների մուտք գործելը բողոքի նշան էր՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանությունը «սպասարկող» լրատվամիջոցների գործելակերպի: Նա վերստին կոչ արեց բոլորին մասնակցել բողոքի ակցիաներին ընդդեմ Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարման:
Նշենք, որ երեկ Ծաղկաձորում տեղի է ունեցել Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստերը։ Գործադիր մարմինը կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ որոշել է Հայաստանի վարչապետի պաշտոնում ՀՀԿ խորհրդին ներկայացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Հիշեցնենք՝ ապրիլի 13-ին երկշաբաթյա իրազեկման քայլերթից հետո «Իմ քայլը» նախաձեռնությունը, միանալով «Մերժիր Սերժին» նախաձեռնությանը և «Հանուն Հայաստան պետության» ճակատին, հանրահավաք անցկացրեց Երևանի Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո ցուցարարները տեղափոխվեցին Ֆրանսիայի հրապարակ՝ կաթվածահար անելով երթևեկությունը Մաշտոց-Սայաթ Նովա-Բաղրամյան փողոցների հատման հատվածում, այնուհետև հայտարարեցին, որ գիշերում են Ֆրանսիայի հրապարակում։