Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր ուժերը չեն շտապում արձագանքել Փաշինյանի կոչին


Նիկոլ Փաշինյանը կոչ է անում բոլոր ընդդիմադիրներին միավորվել, 13֊ը ապրիլի, 2018թ.
Նիկոլ Փաշինյանը կոչ է անում բոլոր ընդդիմադիրներին միավորվել, 13֊ը ապրիլի, 2018թ.

Ընդդիմադիր քաղաքական ուժերի զգալի մասը առայժմ հրաժարվում է արձագանքել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարներից Նիկոլ Փաշինյանի կոչին՝ միավորվել Ազատության հրապարակում և ներել իրար:

Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի դեմ պայքարող Փաշինյանը երեկ երեկոյան անվանական դիմեց, մասնավորապես, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ խորհրդարանական «Ելք» դաշինքին մաս կազմող «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցություններին: Ե՛վ Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան», և՛ Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունները այսօր զերծ մնացին արձագանքելուց:

Առայժմ չցանկացան արձագանքել նաև «Բարգավաճ Հայաստանից»:

Հայ ազգային կոնգրեսից չհաջողվեց արձագանք ստանալ՝ հեռախոսազանգերին չէին պատասխանում:

«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, «Ազատությանն» այսօր փոխանցեց, որ օրակարգում պետք է լինի իշխանությունից ոչ միայն Սերժ Սարգսյանի հեռացնելը, այլև՝ իշխանությունը բռնազավթած ողջ համակարգից հրաժարվելը:

«Հայտարարությունը չեմ ցանկանում մեկնաբանել, բայց կարող եմ ուղղակի իմ դիրքորոշումը հայտնել, որ պետք է մենք առաջնորդվենք ազգային գաղափարախոսությամբ և իրականացնենք ազգային շարժում ոչ միայն ընդդեմ Սերժ Սարգսյանի, այլ ընդդեմ բռնակալության և ապազգային իշխանության, որը այս պահին առկա է Հայաստանի Հանրապետությունում», ֊ մեկնաբանեց Փոստանջյանը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը և նրա աջակիցները, մարտի 31-ին դուրս գալով Գյումրիից, երկու շաբաթում ոտքով անցան Հայաստանի մի շարք քաղաքներով և երեկ հասան Երևան՝ «Ազատության» հրապարակում հանրահավաք անցկացնելով, սուր քննադատության ենթարկելով Սերժ Սարգսյանի նախագահության տասը տարիները: Հանրահավաքից հետո ընդդիմադիրները շրջափակեցին Ֆրանսիայի հրապարակը՝ կաթվածահար անելով կենտրոնական մի քանի փողոցների երթևեկությունը:

«Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով, բողոքի յուրաքանչյուր գործողություն ավելանում է նախորդի վրա՝ ուժեղացնելով ընդհանուր ալիքը: Հովհաննիսյանն այսօր Երևանի Ֆրանսիայի հրապարակ՝ ցուցարարներին այցելության էր եկել:

«Այս պայքարը շարունակությունն է երկարատև պայքարի, որը տարել է մեր ժողովուրդը տարիների ընթացքում՝ թե՛ գողացված ընտրությունները բողոքարկելու, թե՛ «Էլեկտրիկ Երևանը», երիտասարդական տարբեր շարժումները։ Դրանք մի շղթա են կազմում։ Եթե այդ շղթայի տրամաբանության մեջ տեսնենք, իհարկե՝ հնարավոր պետք է լինի», ֊ լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը։

Օրվա ընթացքում հրապարակ այցելեց նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը:

«Մենք մեր զորակցությունն ենք հայտնում այս ողջ ընթացքում տեղի ունեցած և՛ գործողություններին, և՛ խաղաղ, ժողովրդավար գործիքներով պայքարին», ֊ նշեց Քոքոբելյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG