Այստեղ ընդամենը երկու ընտանիք է ապրում՝ Մարտիրոսյաններն ու Մինասյանները։
Շատերը գնալուց առաջ նույնիսկ դռները չեն կողպել։
«Նախ տներն էլ բան չկա, որ գողություն էղնիմ հետո էլ ո՞վ պտի անի գողություն ստեղ», - «Ազատությանն» ասաց Լեռնագյուղում մնացած բնակիչներից մեկը՝ Հրանտ Մինասյանը:
Բնակիչներն ասում են, որ ժամանակին Լեռնագյուղը Ղուկասյանի շրջանի ամենամեծ գյուղերից էր։ 1988-ի երկրաշարժից հետո գյուղում պանելային տներ կառուցեցին, ընտանիքներ տեղափոխվեցին։ Այստեղ տասնյակ մարդիկ էին ապրում։ Սակայն բնակիչներն աստիճանաբար հեռացան։
Հրանտ Մինասյանի ավագ որդին արտագնա աշխատանքի է մեկնել։ Ասում է, որ հողից չեն կարողանում բավականաչափ եկամուտ ստանալ։ Լեռնային գյուղում ոռոգում չկա, հույսն անձրևի վրա են դնում․ - «Ցանեցիր՝ եղականի հույսին: Անձրև եկավ՝ կեղնի, չեկավ՝ չի էղնի: Հերու ահագին ցանք ունեինք, չորային տվավ, չեղավ․․․»
Մինասյանի կրտսեր որդին նույնպես պատրաստվում է ծննդավայրից հեռանալ։
Գյուղում մնացած երկու երեխաները՝ Լևոնն ու Դանիելը մանկապարտեզ հաճախելու հնարավորություն չունեն։ Շուտով դպրոց պիտի գնան։ Լեռնագյուղում դպրոցը փակվել է 90-ականներին։
Մարտիրոսյանների երեխաները Լեռնագյուղից վաղուց են հեռացել։ Գյումրիում են բնակվում։ Ծնողներին այցելում են ամռան ամիսների ընթացքում, քանի որ ձմռանը Լեռնագյուղի ճանապարհները բքի պատճառով փակվում են։
Տիկին Հայկուշն ասում է աշնանը իրենք ևս կլքեն բնակավայրը․ - «Երևի աշունը, հնարավոր չէ, ամուսինս չի կարող: Հիվանդ է, չի հարմարվի»:
Գյուղի մասին հրապարակումներից մեկը «Հայաստանի մեռնող գյուղերը» խորագրի ներքո էր դրվել։ Լեռնագյուղացիները, սակայն, այս ձևակերպումից սրտնեղել էին։ Ասում են նման իրականության հետ չեն ցանկանում հաշտվել։