Մատչելիության հղումներ

Այգեձորում ականի պայթյունից տուժածների վիճակը գնահատվում է բավարար


Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ Տավուշի մարզի Այգեձոր գյուղում երեկ ժամը 14-ի սահմաններում ականի պայթյունի հետևանքով երեք բնակիչ է վիրավորվել։

Այգեձորի գյուղապետ Լորիս Միրզոյանը «Ազատությանն» ասաց, որ բնակիչները, որոնցից երկուսը ամուսիններ են, խոտաբույսեր էին հավաքում, երբ տեղի է ունեցել պայթյունը: Գյուղապետը նաև հավելեց, որ համագյուղացիներն են օգնության հասել և նրանց դուրս են բերել այդ տարածքից։

Ականի պայթյունը, ըստ Քննչական կոմիտեի, տեղի է ունեցել Պաշտպանության նախարարության զորամասի մարտական դիրքերի միջանկյալ տարածքում, ուր մուտք էին գործել տուժած անձինք:

Տուժածներին առաջին օգնություն է ցուցաբերել Այգեձորի առողջության կենտրոնի գլխավոր տնօրեն Մուրադ Գրիգորյանը։

«Ազատության» հետ զրույցում Գրիգորյանը փոխանցեց, որ վնասվածք ստացողներին նախ տեղափոխել են Այգեձորի առողջության կենտրոն. - «Գյուղացիները գնացել են սինդրիկ քաղելու, երկու հոգին ամուսիններ են եղել: Սկզբից իրենք վիրավորվել են ականի պայթյունից․ տղամարդու ձեռքն ա պոկվել, կնոջ՝ ոտքը: Կողքից եկել են օգնեն, չորս հոգով են եղել կարծեմ: Մեկը տղամարդուն ա հանել ականապատ տարածքից, մյուսը փորձել ա կնոջը հան ու ինքն էլ պայթել: Մեզ կանչ են տվել: Գնացել ենք, արյունահոսությունը դադարեցրել, ցավազրկել, վիրակապել, տեղափոխել Այգեձորի առողջության կենտրոն, հակաշոկային կաթիլային միացրել ու տեղափոխել Բերդի հոսպիտալ: Էնտեղ էլ վիրահատել են»:

Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալի պետ, վիրաբույժ Էդուարդ Գրիգորյանը «Ազատությանը» փոխանցեց, որ երեք տուժածներին էլ վիրահատել են՝ անդամահատելով նրանցից երկուսի ոտքը, մյուսի ձեռքը։ Հիվանդների վիճակն այս պահին արդեն գնահատվում է բավարար։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, Տավուշի մարզի երեք բնակիչների ականապայթյունային վիրավորում ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG