Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ Մոսկվան «անհերքելի ապացույցներ» ունի առ այն, որ սիրիական Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակումը «բեմադրված է», սակայն թե որ պետության կողմից՝ չի հստակեցրել: Նա միայն նշել է, թե այդ պետությունը ամեն ինչ անում է, որպեսզի առաջին շարքերում լինի Ռուսաստանի դեմ արշավներում:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, թե Փարիզը ապացույցներ ունի, որոնք փաստում են, որ ապրիլի 7-ին Սիրիայում շուրջ յոթ տասնյակ մարդու կյանք խլած քիմիական հարձակումն իրականացրել է Բաշար ալ-Ասադի բանակը:
Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց աղբյուրները, հայտնում են, որ նման ապացույցներ ունի նաև Միացյալ Նահանգները:
Մեծ Բրիտանիան նույնպես տեղի ունեցածի համար մեղադրում է Ասադի ռեժիմին:
Պաշտոնական Դամասկոսը կտրականապես հերքում է այդ մեղադրանքները: