Տավուշի մարզի Այգեձոր գյուղում երեկ ժամը 14-ի սահմաններում ականի պայթյունի հետևանքով երեք բնակիչ է վիրավորվել։ Այս տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Այգեձորի գյուղապետ Լորիս Միրզոյանը «Ազատությանն» ասաց՝ բնակիչները, որոնցից երկուսը ամուսիններ են, խոտաբույսեր էին հավաքում, երբ տեղի է ունեցել պայթյունը: Համագյուղացիներն են օգնության հասել՝ նրանց դուրս են բերել այդ տարածքից, ասաց Միրզոյանը:
Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալի պետ, վիրաբույժ Էդուարդ Գրիգորյանը «Ազատությանը» փոխանցեց, որ երեք տուժածներին էլ վիրահատել են՝ անդամահատելով նրանցից երկուսի ոտքը, մյուսի ձեռքը։ Հիվանդների վիճակն այս պահին արդեն գնահատվում է բավարար։
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, Տավուշի մարզի երեք բնակիչների ականապայթյունային վիրավորում ստանալու դեպքի առթիվ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»:
«Նախնական տվյալներով՝ 2018թ. ապրիլի 12-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Այգեձոր գյուղի երեք բնակիչ, խոտաբույսեր հավաքելու նպատակով, մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերի միջանկյալ տարածք, որտեղ պայթել է պայթուցիկ սարք, ինչի հետևանքով բնակիչներն ստացել են վնասվածքներ։ Բնակիչներից մեկն ստացել է ականապայթյունային վիրավորում՝ աջ բազկի ստորին երրորդի տրավմատիկ ամպուտացիա, մարմնի աջ և ձախ կեսերի բազմաթիվ բեկորային վնասվածքներ, իսկ մյուս երկուսը՝ ականապայթյունային վիրավորում՝ ձախ ոտնաթաթի տրավմատիկ ամպուտացիա», - ասված է հաղորդագրությունում:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, փոխանցում է Քննչական կոմիտեն: