«Մերժիր Սերժին» նախաձեռնության՝ Երևանի Բրազիլիայի հրապարակից մեկնարկած իրազեկման ավտոերթը ուշ երեկոյան, ավարտելով երթը Երևանի կենտրոնական փողոցներով, միացավ մարտի 31-ին Գյումրի քաղաքից մեկնարկած և ընդհուպ Երևանին մոտեցած «Իմ Քայլը» նախաձեռնության քայլերթին:
«Վաղը ժամը 13:00 մենք մուտք ենք գործում Երևան քաղաք, և այն քաղաքացիները, ովքեր ուզում են մեզ դիմավորել, մեզ հետ քայլել դեպի Ազատության հրապարակ, խնդրում ենք լինել Երևանի Հյուսիսային ավտոկայանի դիմաց, իսկ 18:30-ին արդեն Երևանի Ազատության հրապարակ», - հայտարարեց «Իմ Քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: - «Մենք այդ պատասխանատվությունը զգում ենք և հոգեբանորեն, բարոյապես, ինտելեկտուալ առումով և քաղաքականապես մեզ պատրաստ ենք զգում ձեր հաղթանակը ապահովելու համար: Եկեք Ազատության հրապարակ, և մենք ձեր հաղթանակը կապահովենք»:
Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգման դեմ պայքարի են դուրս եկել «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը, «Հանուն Հայաստան պետության» ճակատը և խորհրդարանական «Ելք» խմբակցության մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ «Իմ Քայլը» նախաձեռնությամբ: Վաղվանից երեք ուժերը պատրաստվում են հանդես գալ համատեղ բողոքի միջոցառումներով: