Նախկին նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգման դեմ «Մերժիր Սերժին» նախաձեռնության կազմակերպած իրազեկման ավտոերթը, այսօր երեկոյան մեկնարկելով Երևանի Բրազիլիայի հրապարակից, անցավ քաղաքի կենտրոնական փողոցներով և երթը շարունակեց դեպի Երևան - Սևան մայրուղի՝ միանալով «Իմ Քայլը» նախաձեռնության քայլերթին:
«Գործողությունը ցույց է տալիս, որ քաղաքացիները իրենց համերաշխությունն են հայտնում, և մենք բոլորս միասին վաղվանից շուրջօրյա և կոնկրետ քայլերով գնում ենք առաջ: Բոլոր նախաձեռնությունների որոշումն է դա արեն», - «Ազատության» հետ զրույցում նշեց «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամներից Դավիթ Սանասարյանը: - «Ուրիշ տարբերակ, քան ժողովրդի միասնական փողոց դուրս գալը, կաթվածահար անել բոլոր փողոցները, Ազգային ժողովի շրջակայքը փակելը՝ չկա: Այսպես պետք է գնանք: Խաղաղ: Մենք հայտարարել ենք, որ մեր խաղաղ գործողություններով անելու ենք ամեն ինչ, որ իշխանությունները չկարողանան որևէ գործողություն իրականացնել»:
Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգման դեմ պայքարի են դուրս եկել «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը, «Հանուն Հայաստան պետության» ճակատը և խորհրդարանական «Ելք» խմբակցության մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
«Հանուն Հայաստան պետության» ճակատի ներկայացուցիչներից՝ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը այսօր ևս հայտարարել էր, որ երեք ուժերը վաղվանից հանդես են գալու համատեղ բողոքի միջոցառումներով:
Այսօր ավելի վաղ էլ «Մերժիր Սերժին» նախաձեռնության 6 ցուցարարներ նստացույց էին իրականացրել՝ մոտ 40 րոպե արգելափակելով Մաշտոցի պողոտայի սկզբնամասի մի հատվածը, մինչև ոստիկանները նրանց հեռացրեցին ակցիայի վայրից:
Մինչ այդ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած «Իմ Քայլը» բողոքի քայլերթը, որը մեկնարկել էր Գյումրիում մարտի 31-ին, այսօր ընդհուպ մոտեցավ Երևանին: