«Մերժիր Սերժին» նախաձեռնության 6 ցուցարարներ այսօր անսպասելիորեն վրան խփեցին Ֆրանսիայի հրապարակում՝ Մաշտոցի պողոտայի սկզբնամասում և մտան դրա մեջ՝ հայտարարելով, որ նստացույց են իրականացնում: Մոտ հինգ րոպեից ոստիկանները հեռացրեցին վրանը, բայց ցուցարարները շարունակեցին մոտ 40 րոպե փակ պահել Մաշտոցի պողոտան:
Ի վերջո Ոստիկանությունը հայտարարեց, որ ցուցարարների գործողությունը անօրինական է և ցուցարարներից հինգին ոստիկանական մեքենայով հեռացրեցին ակցիայի վայրից: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց, որ ցուցարարները ոչ թե բերման են ենթարկվել, այլ պարզապես հեռացվել են ակցիայի վայրից: Մեզ հետ հեռախոսազրույցներում նույնը հաստատեցին նաև ոստիկանական մեքենաներով Չարենցի փողոց տեղափոխված ցուցարարներից մի քանիսը:
«Մերժիր Սերժին» նախաձեռնության մյուս անդամները, ովքեր մնացել էին ակցիայի վայրում, հայտարարում են, որ կրկին դիմելու են բողոքի քայլերի և ինչպես իրենք են ասում՝ կրկին փակելու են Ֆրանսիայի հրապարակը:
Այսօր նախատեսվում է նաև «Մերժիր Սերժին» նախաձեռնության և «Իմ Քայլը» նախաձեռնության ավտոերթը․ նրանք Բրազիլիայի հրապարակից շարժվելու են դեպի Ֆրանսիայի հրապարակ: