Մատչելիության հղումներ

Կառավարության նիստն առաջին անգամ անցավ դռնփակ


Այսօր առաջին դռնփակ նիստից հետո լրագրողները Կառավարության անդամներից հետաքրքրվեցին, թե արդյոք նոր ռեժիմով նիստն ավելի արդյունավետ անցավ։

Երկու և կես առաջ Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու նախաձեռնությունը ներկայացնելիս՝ Արդարարդատության նախարար Դավիթ Հարությունյանն ասել էր, թե գործադիրի անդամները այդկերպ ավելի արդյունավետ քննարկումներ կանցկացնեն ու անկաշկանդ կբանավիճեն:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյան․ - «Ոչ մի տարբերություն չեմ զգում: Այսօրվա նիստում բանավեճ չենք ունեցել»:

Նախարարները ևս նկատում էին, որ նախորդի նիստի համեմատ շատ փոփոխություններ չկային։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ու Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը դրական գնահատեցին այսօրվա նիստը, ասացին, որ բանավեճեր չեղան, սակայն քննարկումներ ծավալվեցին։ Նիստն այսօր սովորականից ավելի երկար տևեց։

Վահան Մարտիրոսյան․ - «Ոչ թե բանավիճել․․․ Էս անգամ հարցերը շատ-շատ էին, և եղան հարցեր, որոնք շուրջ անդրադարձներ եղան»:

Լևոն Ալթունյան․ - «Բանավեճեր չեն եղել, եղել է հարցերի ավելի մանրամասն և ավելի մասնագիտական ներկայացում»:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի խոսքով, նիստը սովորականից երկար տևեց, քանի որ օրակարգում շատ հարցեր կային ընդգրկված։ Ինչ վերաբերում է անկաշկանդ լինելուն իրենք նիստերին միշտ էլ ազատ են արտահայտվել, բաց ու թափանցիկ են եղել։

Հարցին, թե այդ դեպքում ինչու չէին ընդդիմանում, երբ նիստերը փակ անցկացնելու նախագիծ էր ներկայացվում, նախարարն արձագանքեց, թե նախընտրում է իր ոլորտի մասին հարցերին պատասխանել և հավելեց․ - «Այն նիստերը, որ որոշվեց, որ պիտի լինեն փակ, ունի իր տրամաբանությունը և պատճառները: Ընդամենը մեկ նիստով տալ գնահատական կամ փորձել որակել, ես մի քիչ համաձայն չեմ»:

Արդյունավետության մասին նույն հարցն ուղղվեց նաև նախաձեռնության հեղինակ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին։ Լրագրողներից մեկը նկատեց՝ Կառավարության անդամներն ասում են, թե փոփոխություն չեն զգում, և Հարությունյանի նախորդ պնդումներն իրականությանը չեն համապատասխանում։ «Ձեզ առիթ էր պետք որպեսզի փակեիք դռները, քանի որ կառավարություն էր գալիս Սերժ Սարգսյանը», - ասաց լրագրողը։

Հարությունյանի արձագանքը․ - «Չգիտեմ դուք ում և ինչ հարց եք տվել իմ գործընկերներից: Եթե որպես կանոն կես ժամ տևող նիստը տևել է մեկուկես ժամ, ես կարծում եմ, սա ինքնին արդեն խոսուն հանգամանք է, որի մասին կարելի է արդեն փոքր-ինչ խորհել: Այլ ոչ թե միանգամից արձագանքել, որ Ձեր ասածը փաստորեն չարդարացավ: Իրականում արդարացավ և, ես կարծում եմ, այսօրվա նիստը դրա վառ ապացույցն էր»:

Հիշեցնենք, Հայաստանի ավտորիտար դառնալու վտանգի մասին խոսել էր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն իր հերթին բարձրաձայնել էր Հայաստանում մամուլի ազատության անկման մասին՝ մատնանշելով կառավարությունում ու Երևանի քաղաքապետարանում լրագրողների գործունեությունը սահմանափակող երկու օրենքները, որոնց համաձայն նիստերը փակ են անցնում: Կազմակերպությունը Հայաստանի խորհրդարանին կոչ էր արել վերանայել այդ օրենքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG