Մատչելիության հղումներ

ԵՊՀ տարածքում դասադուլի կոչեր են գրում, «դա հակասահմանադրական չէ»


ԵՊՀ մի քանի ուսանողներ բուհի տարածքում դասադուլի կոչեր են գրում, 12-ը ապրիլի, 2018 թ․
ԵՊՀ մի քանի ուսանողներ բուհի տարածքում դասադուլի կոչեր են գրում, 12-ը ապրիլի, 2018 թ․

ԵՊՀ-ի ողջ տարածքում այսօր մի քանի ուսանողներ դասադուլի կոչեր էին անում՝ գետնին հատուկ ներկով «դասադուլ» գրելով: «Իմ քայլը» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ ուսանողներին հորդորում են անտարբեր չլինել երկրում ընթացող քաղաքական զարգացումների նկատմամբ և մասնակցել Սերժ Սարգսյանի՝ երրորդ ժամկետով պաշտոնավարման դեմ ընթացող բողոքի ակցիաներին: «Փորձում ենք ուսանողներին գործիք առաջարկել, թե իրենք ինչպիսի անհատական քայլ կարող են կատարել»,- ասաց Կոստանյանը:

ԵՊՀ ղեկավարությունը երեկ հայտարարություն էր տարածել՝ ուսանողներին կոչ անելով «քաղաքական և քաղաքացիական ակտիվություն ցուցաբերելիս հետևել Սահմանադրությանը, օրենքներին և դրսևորել քաղաքացիական բարոյականություն»: Հայտարարության հեղինակները նաև ընդգծում են՝ «ձգտում են նպաստել ժողովրդավարության հաստատմանը, աջակցել քաղաքացիական ինքնագիտակցության զարգացմանը, ինչպես նաև քաղաքացիների ազատ ինքնադրսևորման և ազատ ընտրության հնարավորության ստեղծմանը»:

Հաշվի առնելով ԵՊՀ-ի մոտ երկու տասնյակ ուսանողների շրջանում վերջին օրերին քաղաքական և քաղաքացիական ակտիվության աճը՝ ԵՊՀ-ի տարածած փաստաթղթի հեղինակները հորդորում են «առաջնորդվել գործունեության նպատակաուղղվածությամբ և տրամաբանությամբ»: Վահան Կոստանյանն արձագանքում է․ «Սահմանադրության մեջ չկա որևէ կետ, որն արգելում է համալսարանի տարածքում թռուցիկներ բաժանել և իրազեկում անցկացնել: Ինչ վերաբերում է քարոզչությանը, ապա դա արգելվում է միայն հանրակրթության մասին օրենքով, ոչ թե բարձրագույն և հետբուհականի մասին օրենքով»:

«Ազատությունը» ԵՊՀ-ից տեղեկացավ, որ այդ հայտարարությունը կապված է նախօրեին տեղի ունեցած մի միջադեպի հետ: Երիտասարդների մի խումբ փորձել է իրազեկման ակցիա իրականցնել բուհի ներսում՝ տեղեկացնելու ապրիլի 13-ին կայանալիք հանրահավաքի մասին: ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանի փոխանցմամբ՝ անվտանգության աշխատակիցները հաղորդել են, որ երիտասարդները փորձել են հենց գրադարանի պատի վրա քաղաքական բնույթի կոչ գրել: «Ուսանողները [պետք է] ավելի զգոն լինեն, ավելի սթափ լինեն, և օրենքը չխախտվի, որովհետև տարբեր իրավական ակտերով համալսարանում չի կարելի քաղաքական գործունեություն ծավալել, իսկ մենք համարում ենք, որ իրազեկումը քաղաքական գործունեություն է»,- ասաց ԵՊՀ խոսնակը:

Երեկվա ակցիայի մասնակից, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ոսանողուհի Հայարփի Բաղդասարյանը, մինչդեռ, հակադարձում է՝ բողոքի ակցիայի մասնակիցnերը շենքը վնասելու միտում չեն ունեցել և հասկանում են, որ բուհի պատերին գրաֆիտի անել չի կարելի: Հայարփիից տեղեկացանք նաև, որ երեկ տնտեսագիտական համալսարանի մոտ իրազեկման ակցիայի ժամանակ կոտրել են «Իմ քայլը» գրությամբ կաղապարը: Հայարփին վստահ է՝ իրազեկման աշխատանքերը խոչընդոտելով ու նման հայտարարություն տարածելով՝ վախի մթնոլորտ են փորձում ստեղծել:

«Ուսանողն իր քաղաքական դիրքրոշումը կարող է հայտնել նաև համալսարանում: Եթե խոսում ենք ապաքաղաքական կառույցի մասին, ապա համալսարանի ռեկտորը ՀՀԿ անդամ է»,- ասաց Հայարփի Բաղդասարյանը: Վահան Կոստանյանը հավելում է․ «Գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանը հանդիսանում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀԿ-ն էլ ամբողջությամբ կարողանում է կառավարել այն պրոցեսները, որոնք կան այս շենքի ներսում»:

«ԵՊՀ-ի դռներն ու պատուհանները չենք փակել ու չենք փակելու»,- իր հերթին ասում է ԵՊՀ մամուլի խոսնակը, ակնկարկելով՝ զգուշացնում են, բայց ոչ վախեցնում: «Դասադուլը տեղի է ունենալու դասից բացակայելու հաշվին, իսկ դասից բացակայելը կրեդիտների, որոշակի այլ բաների հետ է կապված: Ուսանողներն իրենք են որոշում՝ չստանալ այդ կրեդիտներն ու գնալ դասադուլի՞, թե չգնալ»,- ասում է ԵՊՀ խոսնակը:

Ի դեպ, երեկ դասադուլ հայտարարելու կոչ էր արել ԵՊՀ դասախոս, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արայիկ Հարությունյանը, ով այսօր շարունակում է քայլերթը Նիկոլ Փաշինյանի հետ: Այսօր «Ազատության» հետ հեռախոսազրույցում նա վերահաստատեց իր խոսքը: Անդրադառնալով պնդումներին, թե բուհում չի կարելի քարոզչություն իրականացնել, Հարությունյանը հակադարձեց՝ ՀՀԿ-ն արդեն իսկ ԵՊՀ-ն քաղաքական կառույց է դարձրել․ «Ղեկավարությունից սկսած, ուսխորհուրդներով վերջացրած․․․ ԵՊՀ-ն փաստացի վերածվել է Հանրապետական կուսակցության կցորդի»:

ԵՊՀ դասախոս Արայիկ Հարությունյանը ուսանողներին նաև հորդորեց չվախենալ ԵՊՀ ղեկավարւթյան զգուշացումներից, ասելով՝ անհնազանդության ակցիաների մասնակիցներն ընդամենը 10-12 դաս են բաց թողնելու, ինչը չի կարող նրանց նկատողութուն տալու կամ բուհից հեռացնելու հիմք դառնալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG