Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը


ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ճեպազրույցի ժամանակ, արխիվ
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ճեպազրույցի ժամանակ, արխիվ

Իշխող Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) Հայաստանի վարչապետի պաշտոնում կառաջադրի կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի թեկնածությունը, չորեքշաբթի երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Այսօր վերջապես ինստիտուցիոնալ առումով Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմինը սկսեց քննարկումները ապագա վարչապետի հետ կապված: Կարող եմ ասել, որ քննարկումները գնացին միասնության, համերաշխության մթնոլորտում, առանց բացառության Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի բոլոր գործիչները ընդունեցին այն առաջարկը, որը արվել էր նախօրեին, և մենք որպես գործադիր մարմին շաբաթ օրը Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի նիստին կներկայացնենք մեր վարչապետի թեկնածուին», - ասաց Շարմազանովը՝ շարունակելով․ - «Կարծում եմ՝ պարզ է, որ ով է մեր վարչապետի թեկնածուն լինելու, որովհետև այլ անուն մենք չենք քննարկել, այլ կարծիքներ չեն հնչել, չեն եղել, և կարծում եմ՝ որևէ մեկի մտքով չի էլ անցել: Մենք բոլորս միահամուռ վստահում ենք մեր կուսակցության նախագահին, և պարոն Կարեն Կարապետյանի առաջարկը գտել է բոլոր գործադիր մարմնի անդամների մոտ հավանություն, այս ամիսների ընթացքում մենք բոլորս այդ կարծիքները անդրադարձել ենք, խորհրդի նիստին արդեն պաշտոնապես Հայաստանի հանրապետական կուսակցությունը որոշում կկայացնի»:

«Պարզապես նշեմ, որ գործադիր մարմնում այլ կարծիք չի հնչել, այլ թեկնածու չի էլ առաջադրվել, չի էլ քննարկվել: Բայց քանի դեռ մենք խորհրդի նիստ դեռևս չենք արել և պաշտոնապես որոշում չունենք, ինստիտուցիոնալ առումով, դե յուրե, պաշտոնական որոշումը կիրականացնենք շաբաթ օրը խորհրդի նիստից հետո, և երկուշաբթիօրը Հանրապետական խմբակցությունը Ազգային ժողովում կառաջադրի վարչապետի թեկնածուին, և ապրիլի 17-ին մենք Ազգային ժողովում կքվեարկենք», - նշեց իշխող կուսակցության խոսնակը:

«Պարզ չի՞, որ բացի Սերժ Սարգսյանից որևէ այլ անուն չի էլ քննարկվել, այլ կարծիք չի էլ եղել, գործադիր մարմնի բոլոր անդամները համամիտ են կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանին, որպեսզի այդ պաշտոնում առաջադրել կուսակցության նախագահին», - ընդգծեց Էդուարդ Շարմազանովը և հավելեց․ - «Առաջին փոխվարչապետի, փոխվարչապետերի, նախարարների վերաբերյալ և կառավարության ձևաչափի հետ կապված մենք քննարկումների ժամանակ դեռևս ունենք»:

«Ազատության» հարցին՝ Սերժ Սարգսյանը համաձա՞յն էր, տվե՞ց իր համաձայնությունը, Հանրապետականի խոսնակը արձագանքեց․ - «Ես կարծում եմ, որ որևէ խնդիր այստեղ չպիտի լինի: Շաբաթ օրը ամբողջությամբ մենք որոշում կներկայացնենք: Ես Ձեր հարցին պատասխանեցի՝ պարոն նախագահը պետական շահը միշտ ավելի բարձր է դասում, քան անձնական հավակնությունները»:

Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ապրիլի 9-ին հայտարարել էր, որ շաբաթ օրը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ որոշել են «առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG