Մատչելիության հղումներ

Հայաստանում արդեն ամիսներ իրականացվող՝ դեղերի ապառիկ վաճառքը շատերի համար տարօրինակ է


Հայաստանում գործող դեղատների ցանցերից մեկը նախաձեռնել է դեղերի ապառիկ վաճառք։ 30 հազար դրամը գերազանցող գնում կատարելու դեպքում դեղատունն առաջարկում է մաս-մաս վճարել։

«Լևոն և Լամարա» դեղատների ցանցի կոմերցիոն տնօրեն Գեղամ Մոսինյանի մոտ այս գաղափարն առաջացել է դեռ հինգ տարի առաջ, երբ պարզել է, որ Հայաստանում չբերության ցուցանիշը բավական բարձր է։ Ասում է՝ բուժումն ու դեղորայքը միլիոններ արժեն, և մարդիկ հաճախ հրաժարվում են երեխա ունենալու մտքից միայն բավականաչափ փող չունենալու պատճառով։ Սակայն, բանկերը տարիներ շարունակ մերժել են դեղերի վարկավորման գաղափարը։

«5 տարի ոչ մի բանկ, ոչ մի վարկային կազմակերպություն դա չէր անում, բոլորին դիմել ենք: նորմալ չի, բայց իրենց լոգիկան սենց էր՝ եթե մարդը դեղ է առնում, ուրեմն հիվանդ է, եթե հիվանդ է, ուրեմն հես ա կմեռնի, իսկ որ մեռնի, ո՞վ է փողը տալու»,- պատմում է Գեղամ Մոսինյանը:

Ի վերջո՝ դեղորայքի գնման վարկեր համաձայնել է տրամադրել «Հայէկոնոմ» բանկը, սակայն, ինչպես քաղաքացիներն են նշում՝ բավականին բարձր՝ 22,5 տոկոսով։ Գեղամ Մոսինյանն ասում է, թե ավելի ուշ տոկոսադրույքն իջեցրին՝ հիմա 15 տոկոսանոց վարկեր են առաջարկում նրանց, ովքեր դեղի կարիք ունեն ու լավ վարկային պատմություն։

Դեղատների ցանցը դեղերի ապառիկ վաճառքը սկսել է 2017-ի աշնանից։ Ասում են՝ մինչ այժմ ընդամենը մի քանի հոգի է դիմել. ապառիկով դեղ գնելը շատերի համար զարմանալի է թվում, որոշներն էլ կարծում են, որ գաղափարն օգտակար է, բայց իրենք դժվար թե օգտվեն։ «Լավ կլիներ, որ ապառիկ լիներ, բայց փոքր տոկսով», «ապառիկով դեղե՞ր, ո՞նց կարելի է»,- ասում են քաղաքացիները:

Մտահղացման հեղինակ Գեղամ Մոսինյանը ևս աշխարհում դեղերի վարկավորման այլ օրինակ չգիտի։ Կարծում է, որ առողջապահական համակարգում նաև կառավարման թերություններն են պատճառը, որ մարդիկ ապառիկ դեղ գնելու անհրաժեշտություն են զգում։ «Նորմալ չի, որ մարդը հիվանդ է և չունի ապահովագրություն: Եթե ունենա, ապահովագրությունը դա կվճարի, ինքը չի մտածի, որ իր գրպանից է փող տալու ու մի հատ էլ գնա ապառիկ վերցնի»,- ասում է Մոսինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG