Մատչելիության հղումներ

ՀՀԿ պատգամավոր․ «Հայաստանի՝ ավտորիտար դառնալու վտանգի մասին զեկույցը փաստարկված չէ»


«Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը չունի փաստական տվյալներ պնդելու համար, թե Հայաստանն ավտորիտար երկիր դառնալու վտանգի առաջ է», - արձագանքելով հեղինակավոր կազմակերպության զեկույցին՝ ասաց Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը (ՀՀԿ)՝ հավելելով, թե ժողովուրդն է ընտրություններում իշխանություն ձևավորելու լիազորությունը տվել Հանրապետականին:

«Իրենք կարող են ձեռք բերած լինեն փաստական տվյալներ կամ հանգամանքներ, որոնք ամբողջապես չեն արտացոլում Հայաստանի Հանրապետությունում կոնկրետ ինստիտուցիոնալ բարեփոխումների վերաբերյալ հանգամանքը: Ավտորիտարիզմի չի կարող գնալ, անգամ նախորդ տարիների համեմատությամբ վատթարացման, եթե Սահմանադրությունը փոփոխված տարբերակով երաշխավորել է ոչ միայն իշխանություններին, այլ նաև ընդդիմություն կազմող քաղաքական ուժերի Սահմանադրությամբ իրենց ամրագրված իրավունքների անշեղ իրականացումն ու ապահովումը: Ավտորիտարիզմ կլիներ, երբ որ չլիներ ժողովրդի կամքի արտահայտությամբ և արդյունքներով ընտրություններ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մախմուդյանը:

Այսօր հրապարակած զեկույցում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հատուկ ուշադրության է արժանացրել Սերժ Սարգսյանի իշխանավարության հնարավոր երկարաձգումը՝ Հայաստանը դասելով այն երկրների շարքում, որտեղ գլխավոր քաղաքական գործիչը կառավարում է կա՛մ կուլիսներից, կա՛մ ունի չգրված իշխանություն, որը էապես գերազանցում է օրենքով նրան տրված լիազորությունները:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը պնդում է, թե սահմանադրական փոփոխություններից սկսյալ ամեն ինչ արվում էր Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի համար, և ձևականորեն օրենքի պահպանումը երկիրը ազատ չի դարձնում․ - «Հյուսիսային Կորեայում Կիմ Չեն Ընը ևս ընտրված է իրենց օրենսդրության և սահմանադրության համապատասխան, և օրինականությունը այնտեղ պահվում է, ես չեմ բացառում, որ ավելի բարձր մակարդակի վրա, քան Հայաստանում: Բայց որևէ մեկը չի ասի, որ Հյուսիսային Կորեան ժողովրդավարական երկիր է»:

Freedom House-ը, ըստ Իոաննիսյանի, արձանագրել է, որ Հայաստանը գնում է Ադրբեջանի, Բելառուսի, Ռուսաստանի ու միջինասիական պետությունների ճանապարհով․ - «Հինգ տարի առաջ Հանրապետական կուսակցությունը հայտարարում էր, որ իրենց կուսակցությունում կա նախագահի առնվազն հինգ թեկնածու, այնինչ այժմ իրենք ասում են, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է․․․ Անփոխարինելին Ղազախստանում Նազարբաևն է: Մենք այդ ճանապարհով ենք գնում այժմ»:

Իր զեկույցում հեղինակավոր կազմակերպությունը նաև նշում է, որ Հայաստանն առաջընթաց չի արձանագրել ո՛չ թափանցիկ ընտրությունների, ո՛չ արդարադատության, ո՛չ մամուլի ազատության, ո՛չ էլ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում: Ընդհակառակը՝ է՛լ ավելի է վատացել պայքարը կոռուպցիայի դեմ:

Խորհրդարանի պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանը հակադարձում է՝ ասելով, թե խորհրդարան անցած ընդդիմադիրներն ընդունել են ընտրությունների արդյունքները: Իսկ կոռուպցիայի դեմ պայքարի ցուցիչը, ըստ նրա, վերջին շրջանում ձերբակալված պաշտոնյաներն են․ - «Դատարանի նախագահ, դատախազներ, քննիչներ, նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք․․․ այսինքն բնագավառներ, որտեղ հասարակությունը ժամանակ առ ժամանակ ունեցել է դժգոհություններ: Եվ այդ առումով կոռուպցիայի դեմ պայքարի թվական տվյալները խոսում են ոչ թե հետընթացի, այլ առաջընթացի մասին»:

Freedom House-ն իր զեկույցում նաև նշում է, որ Սերժ Սարգսյանի նախագահության տասը տարիներին Հայաստանում ժողովրդավարության ցուցիչը նվազել է:

Միևնույն ժամանակ այսօր Հայաստանի խորհրդարանը վավերացրեց Եվրամիության հետ հարաբերությունները կարգավորող փաստաթուղթը, որով նաև մի շարք նշումներ կան ժողովրդավարության զարգացման անհրաժեշտության մասին:

Քաղաքագետ Հովհաննես Իգիթյանի կարծիքով, այդ համաձայնագրով Հայաստանին նախատեսված օգնության տրամադրումը հնարավոր է դժվարանա երկրի ավտորիտար ճանապարհով գնալու դեպքում․ - «Այնտեղ ֆինանսական բավականին մեծ աջակցություն է նախատեսված Հայաստանին՝ առաջ գնալու համար: Չեմ կարծում, որ Եվրոպայի հարկատուն կգնա Հայաստանին այդ իմիտացիոն գործընթացի համար իր գումարը ծախսելուն»:

Սերժ Սարգսյանի վարչապետության դեպքում միջազգային կառույցներից կլինեն ավելի խիստ զեկույցներ, ամփոփեցին փորձագետները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG