Մատչելիության հղումներ

Կարեն Կարապետյանի մոտ քննարկվել են ԵԱՏՄ տարածքում ապրանքների տեղաշարժին վերաբերող հարցեր


Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում ապրանքների տեղաշարժին և վարչարարությանը վերաբերող հարցեր:

Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, մասնավորապես, անդրադարձ է կատարվել ապրանքների հետագծելիության ապահովման, նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման ու փաստաթղթային ուղեկցման, տնտեսվարողների համար բիզնես գործընթացների պարզեցման հարցերին:

Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները տեղեկացրել են ԵԱՏՄ տարածքում ապրանքների և ծառայությունների ուղեկցող փաստաթղթերի փոխադարձ ճանաչելիության էլեկտրոնային համակարգի ներդրման նախաձեռնության մասին, որը միության անդամ երկրների կողմից արժանացել է նախնական հավանության: Նշվել է, որ այժմ պատրաստվում է համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքը:

Կարեն Կարապետյանը կարևորել է տնտեսվարողների համար փաստաթղթաշրջանառության պարզեցումը և հանձնարարել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին ներկայացնել համապատասխան հիմնավորումներով առաջարկություններ՝ դրանք ԵԱՏՄ տարբեր հարթակներում քննարկելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG