Մատչելիության հղումներ

Վարդան Մինասյանը դարձյալ գլխավորեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը


Լուսանկարը՝ ՀՖՖ կայքէջի
Լուսանկարը՝ ՀՖՖ կայքէջի

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբ-բնակարանում կայացել է ՀՖՖ գործկոմի հերթական նիստը: ՀՖՖ կայքէջի փոխանցմամբ՝ օրակարգային հարցերից է եղել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակումը:

«ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն առաջարկեց քննարկել Վարդան Մինասյանի թեկնածությունը: Գործկոմի անդամները միաձայն կողմ արտահայտվեցին ներկայացված թեկնածության վերաբերյալ և Վարդան Մինասյանը հաստատվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Միևնույն ժամանակ՝ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ հաստատվեց Արմեն Գյուլբուդաղյանցը»,- մասնավորապես, նշված է հաղորդագրությունում: Նշենք, որ Վարդան Մինասյանը Հայաստանի ընտրանին մարզել է նաև 2009-2013 թվականներին:

«Ես Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ուզում եմ հաղթող տեսնել, ինչպես Յան Պորտերֆիլդի ու նույն մարզչի՝ Վարդան Մինասյանի ժամանակ: Վարդանը ինքը Պորտերֆիլդի օգնականն է եղել, ու նրանից շատ լավ դասեր է ստացել: Հետո իր գլխավորությամբ էլ հավաքականը բավական արդյունավետ ու գեղեցիկ խաղ է խաղացել», - «Ազատության» հետ զրույցում այս նշանակումը մեկնաբանեց սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը: - «Չէ՞ որ Վարդան Մինասյանի ժամանակ մեր հավաքականը իսկապես իմաստալից խաղ էր խաղում, չէ՞ որ Վարդան Մինասյանի ժամանակ ամենակարևորը գոյություն ուներ՝ կոլեկտիվ, թիմ: Չէ՞ որ Վարդան Մինասյանի ժամանակ ֆուտբոլիստները մեկը բոլորի համար էին կռվում, ու իսկական՝ թիմային ֆուտբոլ կար, գեղեցիկ, արդյունավետ, գոլառատ: Ես շատ հավատում եմ նրան, նա կարող է անել», - ընդգծեց Գիլոյանը:

Ապրիլի 6-ին հրաժարական էր տվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG