Այսօր առավոտյան ներդրողները սկսել են ակտիվորեն վաճառել ռուսական ընկերությունների բաժնետոմսերը։ Ռուսաստանյան ընկերությունները, նաև մի շարք օլիգարխներ, այսօր տասնյակ միլիարդավոր դոլարներ են կորցրել՝ ապրիլի 6-ից ուժի մեջ մտած ամերկյան նոր պատժամիջոցների սահմանման պատճառով:
Մոսկվայի բորսայի ցուցիչն այսօր շուրջ 9 տոկոսի անկում է արձանագել, իսկ РТС-ի ցուցիչը նվազել է 10 տոկոսով: Այս մասին, հղում անելով «Ֆորբսին», հաղորդում է РБК գործակալությունը: Կրմելի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Կրմելը հետևում է իրավիճակին: Պեսկովը նաև համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի կառավարությունը կանի հնարավորը՝ վնասները նվազագույնի հասցնելու համար: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն, իր հերթին, այսօր հայտարարել է, թե Ռուսաստանն իրեն պատասխան քայերի իրավունք է վերապահում: Կառավարությունը միջոցներ կձեռնարկի՝ պատժամիջոցներից տուժած ընկերություններին օգնելու համար, նար ասել է ՌԴ վարչապետը:
Ռուսաստանում նաև տեղական արժույթն է անկում ապրում՝ մեկ դոլարի արժեքն այսօր գերազանցել է 60 ռուբլին, իսկ մեկ եվրոն արժեցել է 73 ռուբլի: Նման ցածր ցուցանիշ ռուսական ռուբլին արձանագրել էր 2016 թվականին: Բորսայի անկման հետևանքով շուրջ 50 ռուսաստանցի օլիգարխներ միայն այսօր կորցրել են 11 միլիարդ դոլարից ավելի գումար: Ամենից շատ կորցրել է Օլեգ Դերիպասկան՝ մոտ 3 միլիարդ դոլար։ Ավելին՝ Դերիպասկան հայտարարել է, որ իրեն պատկանող «Ռուսալ» ընկերությունը տեխնիկական դեֆոլտի վտանգի տակ է հայտնվել։
Վլադիմիր Պոտանինին պատկանող «Նորիլսկի նիկելը» այսօր կորցրել է շուրջ 1,3 միլիարդ դոլար: Վիկտոր Վեկսելբերգի կորուստը կազմել է մոտ 900 միլիոն դոլար, իսկ Սուլեյման Կերիմովինը՝ 810 միլիոն դոլար։ Ընդ որում՝ այսօր մեծ գումարներ են կորցրել ոչ միայն ամերիկյան պատժամիջոցների ցանկում հայտնվածները, այլև շատ ուրիշներ:
Հիշեցնենք՝ անցած ուրբաթ, ապրիլի 6-ին, պաշտոնական Վաշինգտոնը հայտարարեց, որ նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 38 պաշտոնյաների, խոշոր գործարարների և ընկերությունների նկատմամբ: Մասնավորապես, պատժամիջոցների ցանկում են հայտնվել միլիարդատերեր Օլեգ Դերիպասկան, Վիկտոր Վեկսելբերգը, Իգոր Ռոտենբերգը, Սուլեյման Քերիմովը, ՎՏԲ բանկի ղեկավար Անդրեյ Կոստինը, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը:
Այդ ցանկում հայտնված անձանց մուտքը ԱՄՆ արգելված է, սառեցվել են նաև ԱՄՆ-ում նրանց ունեցած բոլոր հաշիվները: Ամերիկյան ընկերություններին արգելվում է որևէ գործ ունենալ պատժամիջոցների տակ հայտնված մարդկանց և ընկերությունների հետ։