Մատչելիության հղումներ

ԼՂ հարցում առաջխաղացում արձանագրելու համար կողմերը պետք է հաղթահարեն անվստահությունը միմյանց նկատմամբ․ Լավրով


Ռուսաստանի արտգործնախարարությունը հրապարակել է մի տեսագրություն, որում արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով հայ լրագրողի հարցերին, խոսել է վերջին տասը տարիներին հայ-ռուսական հարաբերություններից, ղարաբաղյան խնդրից և Եվրամիության և Եվրասիական միության հետ Հայաստանի համագործակցությունից:

Երեկ հրապարակված տեսանյութում Լավրովը, պատասխանելով, հայ լրագրողի հարցին, թե արդյոք նա կիսում է տարածված այն կարծիքը, որ 2011 թվականի Կազանյան գագաթնաժողովը կարող էր բեկումնային լինել ղարաբաղյան խնդրի կարգավորման համար և արդյոք ակնկալում է առաջխաղացում բանակցություններին, ասել է, որ իսկապես սպասումները Կազանյան գագաթնաժողովից մեծ էին, ռուսական կողմը մյուս երկու համանախագահների՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների համաձայնությամբ պատրաստել էր փաստաթուղթ, որը կողմերը պետք է ստորագրեին, սակայն վերջին պահին նոր մեկնաբանություններ ու հարցեր են ծագել և փաստաթուղթը չի ստորագրվել: - «Այդպես լինում է», - հավելել է Լավրովը, նկատելով, որ սա ողբերգություն չէ և աշխատանքները շարունակվում են ամեն դեպքում:

ՌԴ արտգործնախարարի խոսքով, կազանյան փաստաթղթում տեղ գտած կետերը այսօր էլ ընդունելի են կողմերի համար, թեև, ըստ Լավրովի, համանախագահները նաև նոր գաղափարներ են առաջարկել վերջին տարիներին և նոր փաստաթուղթը նաև այդ գաղափարների շուրջ պետք է ձևավորվի:

«Ամենակարևորն այն է, որ կողմերը հրաժարվեն անվստահությունից, որը դեռ երբեմն դրսևորվում է բանակցությունների ընթացքում, և կենտրոնանան իրատեսական գաղափարների վրա, որոնք առկա են», - ընդգծել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: - «Ի սկզբանե կողմերը համաձայն են կարգավորման շուրջ համանախագահների ներկայացրած փաստաթղթի նախագծի հետ, մնում է, որ այդ համաձայնությունը նաև փաստաթղթում ամրագրվի», - ասել է Լավրովը, հավելելով, որ լավատես է խնդրի կարգավորման հնարավորության հարցում:

Ռուսաստանի արտգործնախարարը պատասխանել է հայ լրագրողի երեք հարցի, ասել է, որ վերջին տասը տարիներին հայ-ռուսական հարաբերությունները ակտիվ զարգացել են և դրան նպաստել է նաև Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը: Լավրովը նաև դրական է գնահատել Եվրասիական միության անդամ Հայաստանի համագործակցությունը Եվրամիության հետ:

Լավրովը իր կարճ հարցազրույցում ասել է, թե իբր Եվրամիությունը դեմ է, որ հետխորհրդային երկրները հարաբերությունները ակտիվ զարգացնեն և՛ Եվրամիության, և՛ Ռուսաստանի հետ, և հետխորհրդային երկրներին պարբերաբար «կա՛մ ֊ կա՛մ» ընտրության առջև է կանգնեցնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG