Մատչելիության հղումներ

Իսրայելի հայերը տոնում են Սուրբ Զատիկը


Հավատացյալները՝ Իսրայելի Սուրբ Հարության Տաճարում, 6-ը ապրիլի, 2018թ․
Հավատացյալները՝ Իսրայելի Սուրբ Հարության Տաճարում, 6-ը ապրիլի, 2018թ․

Այսօր Իսրայելի հայությունը տոնում է Սուրբ Զատիկը: Եկեղեցական արարողությունները սկսվել էին դեռ երեկ երեկոյան ու շարունակվեցին այսօր առավոտյան բոլոր հայաշատ կենտրոնների եկեղեցիներում ու վանքերում:

Իսկ երեկ ապրիլի 7-ին Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի միաբանությունը՝ սաղեմահայության, երկրի տարբեր շրջաններից ժամանած հայերի ու մոտ հազար հայ ուխտավորների հետ, Սուրբ Հարության Տաճարում նշեց Տիրոջ Հարությունը խորհրդանշող Լուսավորյայի արարողությունը:

Սակայն երեկ մի քանի տհաճ պատահարներ տեղի ունեցան, որոնց մասին հայտնի դարձավ ավելի ուշ, քանի որ Սուրբ Հարության տաճարում բջջային կապ գրեթե չկար իսկ ինտերնետի մասին խոսելն ավելորդ է:

Հարյուրավոր հայ հավատացյալներ մի փոքր հրմշտոցով հասան Սուրբ Հարության տաճար: Սուրբ Հարության Տաճարի դուռը բացելու արարողությունը անցկացրեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Ավագ Թարգմանը:

Մինչ հայ ուխտավորների թափորը առավոտյան 9:40 մուտք էր գործում Սուրբ Հարության Տաճար, հրեա ոստիկաններն ու սահմանապահ զորքերը գրեթե փակել էին Հայոց թաղամասի մուտքը երկաթյա արգելապատնեշներով՝ չթողնելով որպեսզի մարդիկ հանգիստ դուրս գան ու կանգնեն ինչպես հազարամյակներով է տեղի ունենում համայնքի գլխավոր մուտքի մոտ:

Այստեղ հրմշտոց սկսվեց ու հայ հավատացյալները հայ միաբան վարդապետների հետ իրենց անհամաձայնությունը հայտնեցին ու մոտ տաս րոպե տևած գոռոցների, քաշքշուկի ու աղմուկի արդյունքում առավել ակտիվ գտնված հայորդի Պետիկ Կիրակոսյանին հրեա ոստիկանները հենց վանքի ներսում տապալեցին գետնին, ձեռնաշղթաներ հագցրին ու ճեղքելով հայերի հոծ բազմությունը՝ տարան ոստիկանություն:

Տեղի ունեցածն ամբողջությամբ տեսագրել էր երուսաղեմաբնակ Խաչիկ Բեկարյանն, ով կատարվածը տեղադրել էր իր ֆէյսբուքյան էջում: Վիդեո կադրերից երևում է, որ հայ հագևորականներից առավել ակտիվը երկրի կենտրոնի հոգևոր հովիվ հայր Տիրան աբեղա Հակոբյանն էր, ով փորձում էր ոստիկանների ձեռքերից ազատել Պետիկին ու նրան էլ հրեա ոստիկանները մի կողմ հրեցին:

Մի խումբ դաշնակցականներ նախկին ատենապետ Սերոբ Սահակյանի գլխավորությամբ ևս փորձում էին ազատել հայ տղային: Ոստիկանությունը, սակայն, տեսնելով հայերի ընդհանուր ցասումը, տեղի տվեց ու բացեց տարածքը:

Երկրորդ մուտքի ժամանակ, որին կրկնակի ավելի հայ ուխտավորներ մասնակցեցին, կրկին քաշքշուկ ու հրմշտոց էր տեղի ունեցել մի քանի հայերի ու ոստիկանների միջև, բարեբախտաբար ձերբակալվածներ չեղան:

Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Ժառանգավորաց վարժարանի տեսուչ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանն իր ֆեսյբուքյան էջում գրել էր.

«Ցաւօք, պէտք է նշել, որ վանքի դիմաց տեղի ունեցաւ միջադէպ` ոստիկանութեան եւ համայնքի ներկայացուցիչների եւ հոգեւորականների միջեւ: Անհամաձայնութիւնը հարթուեց անմիջապէս, սակայն ձերբակալուեց մեր հայրենակիցներից մէկը, ով մի ժամ յետոյ ազատ արձակուեց: Դէպքի վերաբերեալ Երուսաղէմի Հայ Պատրիարքը իր բանաւոր բողոքն է յայտնել Իսրայէլի Արտաքին Գործոց Նախարարութեան ներկայացուցիչներին»:

Լույսի տոնի օրը այսպիսի տհաճ միջադեպեր պարբերաբար տեղի են ունենում ու արդեն սովորական են դարձել:

Ժամը 14:15 Սուրբ կրակը դուրս եկավ տաճարի Տիրոջ գերեզմանի վրա կառուցված բոլորաշեն մատուռի հայկական կողմից ու մի քանի րոպեների ընթացքում ողջ տաճարը լուսավորվեց:

Հայ ուխտավորները վանկարկում էին Հայաստան և Արմենիա, իսկ հայկական մասնաբաժնից լսվում էր զանգի ղողանջները, որոնք համահունչ էին այն անբացատրելի ուրախության ու բերկրանքին, որը տիրում էր Սուրբ Հարության տաճարում:

Այս տարի բացառիկ թվով հայ հավատացյալներ կային բազմաթիվ երկրներից՝ հարյուրավոր հայեր Սոչիից ու Ռուսաստանի մյուս հայաշատ քաղաքներից, Բելառուսից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Կանադայից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Թուրքիայից, Վրաստանից և բազմաթիվ այլ երկրներից, մոտ հազար ուխտավոր:

Երևանից Լիլիթ Գրիգորյանն արդեն երրորդ անգամն էր Իսրայելում, մեծ սիրով է ժամանում Երուսաղեմ ու իր համար այն ուխտատեղի է: Իսրայելական վիզա ստանալու դժվարություններից խոսեց:

«Առաջին նախապայմանը այն կլիներ, որ Հայաստանում մենք ունենայինք դեսպանատուն և կարողանայինք վիզայի համար դիմել: Մենք դիմում ենք Վրաստանում Իսրայելի դեսպանատուն, մինչդեռ հարևան բոլոր ազգերը վիզայի կարիք չունեն և ազատ գնում, գալիս են», - ասաց Լիլիթ Գրիգորյանը:

Արցախից Վարդուհի Գաբրիելյանն էլ էր երրորդ անգամ եկել Երուսաղեմ այս անգամ կրկին խմբով:

Երուսաղեմաբնակ էքսկուրսավար Արամ Խաչադուրյանն էլ զարմացած էր, որ այսքան հայ ուխտավոր էր եկել այս տարի Երուսաղեմ․ - «Հակառակ Մերձավոր Արևելքի մանավանդ Սիրիայի մեջ կացությանը, որ պատերազմ է, անձնապես ինձ համար զարմանալի է, որ այսքան հայեր կան այստեղ»:

Տորոնտոյի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ, Կանադայի հայոց թեմի փոխառաջնորդ հայր Գեղարդ ծայրագույն վարդապետ Քյուսբեկյանի հետ բավական երկար զրուցեցինք: Սուրբ Հարության տաճարում մեր իրավունքները պաշտպանելու խնդիրներ կան ու լույսի դուրս բերման ժամանակ նույնիսկ ծեծկռտուքի դեպքեր են եղել, հարցրեցի հոգևորականի կարծիքը:

«Երբ որ այստեղ չես եկել և այս ուխտագնացությանը ներկա չես եղել հատկապես Ճրագալույցի այս արարողությանը ներկա չես եղել , շատ հեշտ է դատել և քննադատել և ասել, որ պետք չէ կռիվ անել, ամոթ է և այլն : Բայց երբ գալիս ես այստեղ և տեսնում ես մեր երիտասարդները, մեր սարկավագները զինվորի պեսպայքարի մեջ են, որովհետև իրավունքների հարց կա այստեղ: Եվ եթե մի քիչ միամիտ գտնվես, մի քիչ թարթես աչքդ, երևի կորցնես այդ իրավունքը», - ասաց Կանադայի հայոց թեմի փոխառաջնորդ հայր Գեղարդ ծայրագույն վարդապետ Քյուսբեկյանը:

Նա հավատացած է որ դարավոր այս իրավունքներն աստվածաշնորհ են և դրանք էլ պահպանում է Երուսաղեմի զինվորյալ հայ միաբանությունը:

Բացառիկ հարցազրույց ունեցանք նաև մինչ Տիրոջ գերեզմանի բոլորաշեն մատուռ ներս մտնելուց րոպեներ առաջ Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի տեսուչ հոգեշնորհ տեր Ասպետ վարդապետ Պալյանի հետ: Նա պատմեց, որ երկու անգամ արդեն առաջինը ինքն է դուրս բերել սուրբ կրակը: Երուսաղեմի հույն պատրիարքի հետ բոլորաշեն մատուռ մուտք գործելուց հետո այս անգամ ևս նա առաջինը դուրս բերեց կրակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG