«Լրագրողների պաշտպանության կոմիտեն» (CPJ) հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները հաջորդ շաբաթ կայանալիք նախագահական ընտրություններից առաջ «վերացրել են այլակարծություն արտահայտելու բոլոր ֆորմալ ճանապարհները»:
«Երբ հերթը հասնում է քննադատներին լռեցնելուն, Ադրբեջանի իշխանությունները գործում են ջանասիրաբար և համակարգված», - ապրիլի 6-ին տարածած հաղորդագրությունում գրել է Նյու Յորքում գործող կազմակերպությունը:
«Լրագրողների պաշտպանության կոմիտեի» ձևակերպմամբ «լրագրողներին բանտարկելը, նրանց արտասահմանից առևանգելը, ֆինանսական հանցանքների մեջ մեղադրելը, կայքեր արգելափակելը, սոցիալական ցանցերի օգտահաշիվներ կոտրելը և երկրից դուրս գալը սահմանափակելը» եղել են Ալիևի կառավարության կողմից կիրառված քայլերի շարքում, որպեսզի վստահ լինեն, որ «անկախ լրատվության բերանը փակված է, քննադատական ձայները՝լռեցված»:
«Մինչդեռ ընդդիմության թեկնածուները կա՛մ բանտարկվել են, կա՛մ նրանց հնարավորություն չի տրվել մասնակցել ընտրություններին», - ասված է կազմակերպության հաղորդագրությունում:
Հիշեցնենք, ապրիլի 11-ին Ադրբեջանում կայանալու են նախագահական ընտրություններ:Վերջին 15 տարիներին երկիրը ղեկավարող Իլհամ Ալիևը ընտրությունների օրը հոկտեմբերից տեղափոխեց ապրիլ՝ առանց որևէ բացատրության: