Մատչելիության հղումներ

Օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում նվազել են


Վահագն Խաչատրյանը «Ազատության ստուդիայում:
Վահագն Խաչատրյանը «Ազատության ստուդիայում:

Ազգային վիճակագրական ծառայության և Կենտրոնական բանկի ներկայացրած տվյալների համաձայն, անցած տարի՝ 2016 թվականի համեմատ, օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 27.3 տոկոսով՝ կազմելով 245.7 միլիոն դոլար: Սա երկրորդ վատագույն ցուցանիշն է 2008 թվականից ի վեր:

Ավելի քիչ օտարերկրյա ուղղակի ներդրումները 2015-ին էին, երբ երկիր հոսեց 178.2 միլիոն դոլար:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից այսօր չհաջողվեց մեկնաբանություն ստանալ հրապարակված թվերի վերաբերյալ:

Տնտեսագետ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի խոսքով, այս թվերը վկայում են, որ ներդրողները չվստահեցին Հայաստանի իշխանություններին․ - «Ներդրողները, գործարար շրջանակները, ելնելով ինչ-ինչ հանգամանքներից, չարձագանքեցին այն բոլոր կոչերին, այն բոլոր միջոցառումներին, որոնք իրականացվում էին Կառավարության կողմից և ներկայացվում հանրությանը՝ որ տեսեք ինչ աշխատանք է կատարվել ահռելի, փոփոխություններ են տեղի ունեցել, այդ թվում օրենսդրական փոփոխությունները, և իրենց աշխատանքի արդյունքը պետք է գնահատել հենց միայն էդ ներդրումներով: Նույնիսկ, եթե չեք մոռացել, Արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոն ստեղծվեց, որ պետք է միայն զբաղվեր ներդրումներով: Բայց փաստը մնում է փաստ, որ ձեր հրապարակած թվերն են իրականություն, որ անցյալ տարվա համեմատ այդ թիվը կրճատվել է»:

Ըստ Խաչատրյանի, պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ 245 միլիոն դոլար ներդրումը ինքնին այնքան փոքր թիվ է, որ չի կարող Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական խնդիրներին լուծում տալ:

Համեմատության համար նշենք, որ օտարերկրյա ուղղակի ներդրումները անցած տարի Վրաստանում ավելի քան 7.5 անգամ շատ են եղել, քան Հայաստանում, իսկ Ադրբեջանում՝ 26 անգամ շատ: Օրինակ, Վրաստանում արվել է 1 միլիարդ 861 միլիոն դոլար օտաերկրյա ուղղակի ներդրում:

«Ե՛վ ներքին վարչական քաշքշուկները, և՛ կոռուպցիոն ռիսկերը, և՛ տնտեսական գործունեության ազատ գործելու հնարավորությունները, և՛ ներքին հավասար մրցակցային պայմանների առումով Վրաստանը միանշանակ մեզնից ավել է: Եվ պատահական չէ, որ մեր մոտ ընդամենը ուղղակի ներդրումները կազմում են 250 միլիոն, իսկ Վրաստանում՝ 1 միլիարդ 800 միլիոն: եվ այս հանգամանքները ի նկատի չառնել և դրա փոխարեն հանրությանը փորձել ներկայացնել կամ մատուցել այնպիսի իրավիճակ, որ տեսեք մենք արդեն 850 միլիոն ներդրում ենք արել, ուղղակի ծիծաղելի է»:

Օտարերկրյա ներդրումների թեման հանրային քննարկումների օրակարգում էր ճիշտ մեկ տարի առաջ՝ 2017-ի խորհրդարանական ընտրությունների նախօրեին, երբ վարչապետ, մոտ քսան տարի Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցության նորաթուխ անդամ Կարեն Կարապետյանը միլիարդավոր դոլարների ներդրումներ խոստացավ՝ կոչ անեով ընտրել «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով հանդես եկող ՀՀԿ-ին:

«Շատ ձևավորված, կարծրացած կարծիք կա, որ Հայաստանում փող դնելու տեղ չկա, մեկ ա, փող դնես, չենք աշխատելու և այլն, և այլն․․․ այդ իսկ պատճառով ուզում եմ ձեզ տեղեկացնեմ, որ դա այդպես չի, և մենք այսօր արդեն ունենք հաստատված 3.2 միլիարդ դոլարի ինվեստիցիոն ծրագրեր, որտեղ հստակ գրված է և՛ ֆինանսական աղբյուրը, և՛ ով է կատարելու, և՛ ինչ ենք անելու և արդյունքում ինչ ենք ունենալու, ինչքան աշխատատեղ: Որից 830-850 միլիոն դոլարը մենք նախատեսում ենք անել 2017 թվականին», - 2017-ի մարտին հայտարարել էր Կարեն Կարապետյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG