Մատչելիության հղումներ

«Մերժիր Սերժին» նախաձեռնությունն ապրիլի 9-ին հանրահավաք կանցկացնի


«Մերժիր Սերժին» նախաձեռնությունն ապրիլի 9-ին երկրորդ հանրահավաքը կանցկացնի։

Նախաձեռնությունը դեռ չի մանրամասնում, թե ինչ գործողություններ կլինեն այդ օրը։

«Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը վերջապես իշխանություն չի ունենալու և 8 օր իշխանություն չի ունենա, փորձելու ենք էդ գործընթացի ստարտը տանք՝ ութ օր շարունակ գործողություններ են լինելու տարբեր տեսակի, դրա մասին ենք նշելու։ Նաև մենք էս պահին որոշում ունենք, որ ընդունենք նվերներ. բացի հանգանակությունից, ուզում ենք էդ օրը քաղաքացիներից նվերներ ընդունենք՝ քաղաքացիները կարող են սիմվոլիկ նվերներ բերել, օրինակ, եթե ինչ-որ մարդ ակնկալիք է ունեցել Ատոմակայանը կառուցվի, կարող է Ատոմակայանի էսքիզ բերի, կամ վագոնի մնացորդ լինի՝ Իրան-Հայաստան գնացքը, նմանատիպ նվերներ ենք ընդունելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը։

Հարցին, թե այդ օրն ի՞նչ գործողություններ կլինեն նախաձեռնության կողմից, Գրիգորյանը պատասխանեց. - «Խոսք կլինի՝ հանրությանը կդիմենք։ Տոնակատարության նման ինչ-որ գործողություններ կլինեն»։

Ճշտող հարցին՝ երթեր, փողոց փակել կլինի՞, Գրիգորյանը պատասխանեց. - «Ավելի շատ տեղում կորոշենք, նման բաներն ավելի լավ է իրավիճակային որոշել»։

Օրեր առաջ Երևանի կենտրոնում նախաձեռնության մի քանի անդամներ գետնին նստած պաշտոնից հեռացող Սերժ Սարգսյանի թոշակի համար գումար էին հավաքում. «Մերժիր Սերժին» նախաձեռնության ակցիայի մասնակիցները կոչ էին անում անցորդներին 10 և 20 դրամներ հանգանակել հանուն հեռացող նախագահի։

Մարտի 28-ին Գիտությունների ազգային ակադեմիայում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ գիտնականները նախագահի առաջ ֆինանսավորման հարց էին բարձրացրել, ինչին նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ aravot.am-ի արձագանքել էր. - «Գումար եք ուզում, ես էլ եմ ուզում, բոլորն էլ ուզում են»։

«Մերժիր Սերժին» նախաձեռնությունից Արմեն Գրիգորյանը ասաց, որ այս ակցիայով փորձում են արձագանքել և օգնել Սերժ Սարգսյանին գնալ թոշակի։

Ապրիլի 9-ին՝ Սերժ Սարգսյանը վայր կդնի նախագահի իր լիազորությունները, նույն օրը տեղի կունենա նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը և նա կստանձնի նախագահի իր լիազորությունները, կառավարությունը հրաժարական կտա և 8 օր հետո Ազգային ժողովը նոր վարչապետ կընտրի, ով, ըստ նոր Սահմանադրության, դառնալու է երկրի փաստացի ղեկավարը։ Հանրապետականները հայտարարում են, որ այդ պաշտոնում Սերժ Սարգսյանից զատ այլ անձի չեն տեսնում։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG