Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպում է ունեցել Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ:
Ըստ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի, Սերժ Սարգսյանը շնորհավորել է նրան Սենատի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Հայաստանի նախագահը կարևորել է օրենսդիր մարմինների դերը միջպետական հարաբերությունների զարգացման, փոխվստահության և փոխըմբռնման մթնոլորտ ձևավորելու գործում և նշել, որ Հայաստանը շահագրգռված է առավել սերտ կապեր հաստատել երկու երկրների խորհրդարանների միջև և հարաբերությունները զարգացնել նաև միջխորհրդարանական վեհաժողովների շրջանակներում, ինչը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, Հայաստանին և Իտալիային թույլ կտա կարևոր հարցերի շուրջ միմյանց համակողմանի աջակցություն ցուցաբերել:
Հանդիպման ժամանակ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել և բարձր է գնահատել Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։
Հայաստանի նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ հայ-իտալական միջպետական հարաբերությունները անցած քառորդ դարում զարգացել են գործընկերության ու փոխվստահության ոգով, և այսօր երկու երկրները նշանակալի համագործակցություն ունեն տնտեսական, պաշտպանական, միջխորհրդարանական, ապակենտրոնացված և հումանիտար ոլորտներում: Հայաստանի և Իտալիայի միջև փոխադարձ հարգանքի և վստահության կարևոր ևս մեկ օրինակ էլ, նախագահի համոզմամբ, Լիբանանում՝ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի իտալական հրամանատարության ներքո, հայ զինվորների արդյունավետ ծառայությունն է։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և համագործակցությանը, որը նաև հայ-իտալական փոխգործակցության օրակարգի կարևոր ուղղություններից է:
Սերժ Սարգսյանը և Իտալիայի Սենատի նախագահ Կազելատին մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:
Սուրբ Աթոռում և Մալթայի Ուխտում Հայաստանի դեսպանի անունից կազմակերպվել է ընդունելություն
Սուրբ Աթոռում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանի անունից ապրիլի 5-ի երեկոյան հանրահայտ պատկերասրահ՝ «Դորիա Պամֆիլի» պալատում կազմակերպվել է ընթրիք՝ ի պատիվ նախագահ Սերժ Սարգսյանի, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ առաջինի: Ընդունելությանը մասնակցել է ավելի քան երկու հարյուր հրավիրյալ:
«Մեծ հաճույքով նաև իմ գործընկեր Վիկտորյա Բաղդասարյանի անունից ձեզ բարի գալուստ եմ մաղթում այս երեկոյին, որի ընթացքում տոնում ենք Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի պաշտոնական բացումը վատիկանյան պարտեզներում: Ես շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր աջակցել են անդադար ջանքերով լի մի ճանապարհի, որը մեզ հասցրել է այստեղ: Ճանապարհը, որը հասցրել է Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Եկեղեցու Վարդապետի» տիտղոսին և դրան հաջորդող նախաձեռնություններին, ինչպիսին էր այսօրվա միջոցառումը, երկար էր: Այն սկսվել էր դեռ երջանկահիշատակ Ներսես Պետրոս 19-րդի հարցումով, շարունակվել՝ շատերի անդադար աշխատանքով, ովքեր այսօր այստեղ են՝ արքեպիսկոպոս Զեքիյան, Կարդինալ Սանդրի, Կարդինալ Կոխ, Կարդինալ Ամատո: Ձեր աշխատանքի արդյունքը հասցրեց հարցումը մինչև Նորին Սրբություն Ֆրանցիսկոս, ով այն հաստատեց 2015 թվականի փետրվարին: Նույն տարվա ապրիլի 12-ին մենք Սուրբ Պետրոսի տաճարում մասնակցեցինք պատարագի, որի ընթացքում Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեցին «Տիեզերական Եկեղեցու Վարդապետ», - ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, իր ելույթում ասել է Սուրբ Աթոռում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը։
Դեսպանը նշել է, որ հաճույքով է հիշում էկումենիկ ոգին, որը տիրում էր անմոռանալի այդ միջոցառմանը:
«Այն այսօր նույնպես շարունակում է սնուցել մեր հարաբերությունները: Դրա ապացույցն է այսօրվա զուսպ աղոթքը: Եվ հույս ունեմ այդ ոգին ներկա կլինի նաև ապագայում, երբ երկրորդ արձանը տեղադրվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ համաձայն Նորին Սրբություն Գարեգին 2-րդի կամքի», - ասել է դեսպանը:
Մինասյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այս ծրագիրը խթանելու՝ երկու տարի առաջ Հայաստանում խնդրանքով Պապին դիմելու՝ Սրբազան Քահանայապետին նվեր տրվող փոքր արձանի նմանօրինակ մեծ չափերով արձանը վատիկանյան պարտեզներում տեղադրելու համար։
«Իսկ Նորին Սրբության Ֆրանցիսկոսին խորին երախտագիտությունս եմ հայտնում՝ հիշատակելով նրան իմ աղոթքների մեջ: Ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել Կարդինալ Սանդրիին, ով հնարավոր դարձրեց այս ամենը, արքեպիսկոպոս Բարսամյանին և Մոնսինյոր Բորջիային՝ ամբողջ գործընթացում մեզ հզոր ձեռք մեկնելու համար: Շնորհակալություն եմ հայտնում քանդակի հեղինակ Դավիթ Երևանցուն՝ բրոնզի միջոցով Սուրբ Գրիգոր Նարեկացուն բարդ տիեզերքին հաղորդակից դարձնելու համար: Շնորհակալություն այս արտառոց աշխատանքի համար: Շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ջանիբեկյանին, ով միանալով ինձ, առատաձեռնորեն ֆինանսավորել է այս արձանի իրագործումը: Շնորհակալություն Միքայել Հասրաթյանին ճարտարապետական աջակցության համար, Վատիկանի կառավարչության տեխնիկական ծառայությունների գրասենյակին՝ հանձինս տնօրեն դոն Ռաֆայել Գարսիա դե լա Սերանայի, ինչպես նաև ճարտարապետ Բարբարա Բելլանոյին և ինժեներ Մարկո Բարջելլինիին ու բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել ծրագրի իրականացման գործում: Հատուկ շնորհակալություն ծրագրի ղեկավար Վարդան Կարապետյանին. նրա դերը առանցքային էր», - ասել է Մինասյանը՝ շարունակելով. - «Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը վերջին տարիներին ձեռնամուխ է եղել մի շարք նախաձեռնությունների, որոնք տարածել են Սրբի անունը և գործը: Մի նախաձեռնություն, որ տեղ է գտել իմ սրտում՝ Հռոմի Սանտա Չեչիլիա Ազգային ակադեմիայի երգչախմբի հետ համագործակցությունն էր՝ Ալֆրեդ Շնիտկեի խառը տիպի երգչախմբի համար քառամաս կոնցերտը: Շնիտկեն ստեղծագործել էր Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» աշխատությունը կարդալուց հետո: Այսօր մենք լսեցինք այդ աշխատանքից մի կտոր»։
Երեկ Վատիկանում տեղի է ունեցել «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը: