Մատչելիության հղումներ

«Մերժիր Սերժին» նախաձեռնությունը հանգանակում է Սերժ Սարգսյանի «թոշակը»


Այսօր Երևանի կենտրոնում՝ մետրոյի «Երիտասարդական» կայարանի դիմաց մի քանի քաղաքացիներ գետնին նստած պաշտոնից հեռացող Սերժ Սարգսյանի թոշակի համար գումար էին հավաքում։

«Մերժիր Սերժին» նախաձեռնության ակցիայի մասնակիցները կոչ էին անում անցորդներին 10 և 20 դրամներ հանգանակել հանուն հեռացող նախագահի։

Մոտ մեկ ժամ մետրոյի դիմաց անցկացնելուց հետո կազմակերպիչները արձանագրեցին, որ արդեն մի քանի հազար դրամ հավաքել են, հետո որոշեցին երթով գնալ Կասկադ։ Ճանապարհին մարդկանց կոչ էին անում միանալ դրամահավաքին։

Մարտի 28-ին Գիտությունների ազգային ակադեմիայում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ գիտնականները նախագահի առաջ ֆինանսավորման հարց էին բարձրացրել, ինչին նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ aravot.am-ի արձագանքել էր՝ «Գումար եք ուզում, ես էլ եմ ուզում, բոլորն էլ ուզում են»։

«Մերժիր Սերժին» նախաձեռնությունից Արմեն Գրիգորյանը ասաց, որ այս ակցիայով փորձում են արձագանքել և օգնել Սերժ Սարգսյանին գնալ թոշակի․ - «Մենք գնահատել ենք նրա տասը տարվա գործողությունները, և տնտեսագետները գնահատել են, որ 10 դրամ կարող ենք հավաքել»:

Ակցիային ակտիվ մասնակցում էր նաև Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը: Նա նաև Գյումրիում էր դրամահավաք արել և գումարը իր հետ բերել Երևան։

«Ազատության» հետ զրույցում Բարսեղյանն ասաց, որ այս հայտարարությամբ Սերժ Սարգսյանը ըստ էության վերջ դրեց գիտությանը Հայաստանում, բայց եթե նա այդ քայլին է գնացել, եզրակացնում են, որ վիճակը ծանր է․ - «Մեր պարտքը պիտի կատարենք: Հանգանակենք և տանք այնքան գումար, ինչքան որ կկարողանանք հանգանակել: Բայց մարդկանց վերաբերմունքը, ինչպես տեսնում եք, այնքան էլ ջերմ չէ: Դատելով էն հանգամանքից, որ ինքը և իր կուսակցությունը կես միլիոնից ավելի քվեներ է տարել Հայաստանում, պիտի հիմա այստեղ հերթեր լինեին, որ մարդիկ դրամ նվիրաբերեին իրեն: Բայց տեսնում ենք, որ այդպես չէ դրությունը: Սա էլ է ցուցանիշ»:

Հարցին, թե արդյոք նման ակցիայով չեն անլրջացնում Սերժ Սարգսյանի հնարավոր երրորդ ժամկետի դեմ պայքարը, Բարսեղյանը պատասխանեց, որ գործող նախագահի կառավարման կողքին ոչինչ անլուրջ չի կարող լինել․ - «Փորձեք հիշել նրա խոստումները Հայաստան - Իրան երկաթուղու հետ կապված, նոր ատոմակայանի շինարարության հետ կապված, բոլոր անօթևաններին բնակարաններով ապահովելու հետ կապված: 2008 թվականից հիշենք նաև բոլոր երիտասարդներին սեփական բնակարան և սեփական ավտոմեքենա ունենալու խոստումները: Ոչ մի բան չի կատարվել: Անլուրջ, անհեթեթ պատմություններ են»:

Բարսեղյանի խոսքով, Սարգսյանի ձախողումները անհամեմատ ավելի շատ են, բայց չնայած դրան ՀՀԿ-ականները հայտարարում են, որ Սերժ Սարգսյանը պետք է մնա և շարունակի իրականացնել իր ծրագրերը․ - «Թվարկածներիս միջից ո՞րն ես ուզում շարունակել․․․ Էս ամբողջը մղձավանջային կառավարում է: Սա էլ է մղձավանջ, սա պատասխան է իր կառավարմանը այս խմբի կողմից: Հազար ու մի ուրիշ պատասխաններ էլ կան: Մարդիկ բողոքում են տարբեր ձևերով և դեռ բողոքելու են»:

«Մերժիր Սերժին» նախաձեռնությունից Արմեն Գրիգորյանը ասաց, որ դեռ շարունակելու են գումար հավաքել, իսկ սփյուռքի հայերի խնդրանքով էլ նաև բանկային հաշիվ են բացելու, որ գումար փոխանցեն, հետո այս գումարը «խորհրդապահական խողովակներով» փոխանցելու են Սերժ Սարգսյանին։

Իսկ ապրիլի 9-ին՝ Սերժ Սարգսյանի նախագահի լիազորությունների ավարտի օրը, պատրաստվում են տոնել դա: Ինչ վերաբերում է Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ պայքարող մյուս խմբերին, Գրիգորյանը ասաց, որ իրենց միավորում է մեկ նպատակ․ - «Սերժի հեռացումը ընդհանուր նպատակ է երեք խմբերի կողմից էլ։ Եվ էս գործողությունները, որ մենք կազմակերպում ենք ամեն մեկս առանձին, ընդհանուր նպատակի համար են ծառայում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG