Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մրցաշարի քառորդ եզրափակիչում այսօր հանդիպում են Լոնդոնի «Արսենալ»-ը և Մոսկվայի ԲԿՄԱ ակումբը։
Նախօրեին «Արսենալ»-ի պարապմունքից հետո լրագրողներին հանդիպել են «Արսենալ»-ի ավագ մարզիչ Արսեն Վենգերը և կիսապաշտապան Հենրիխ Մխիթարյանը:
Լրագրողները Մխիթարյանին հիշեցրել են, որ անցած մրցաշարում «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում նվաճել է Եվրոպայի լիգայի գավաթը, և հարցրել են, թե արդյոք այդ փորձառությունն օգտակար կլինի այսօրվա խաղին:
Մխիթարյանն ասել է, որ «Արսենալ»-ը ևս Եվրոպայի լիգայում և Չեմպիոների լիգայում հանդես գալու մեծ փորձ ունի, հիմա կարևորը լավ արդյունք ցույց տալն է:
«Շատ կարևոր է հաղթել առաջին խաղում, որպեսզի Մոսկվայում կայանալիք արտագնա խաղից առաջ առավելություն ունենանք», - ասել է Մխիթարյանը։
Այսօրվա հանդիպման մասին նա նշել է, որ հեշտ թիմեր չեն մնացել, ԲԿՄԱ-ն շատ լավ թիմ է։
«Եթե նրանք քառորդ եզրափակիչ են հասել, դա արդեն խոսում է ԲԿՄԱ-ի մակարդակի մասին: Այս փուլում դյուրին խաղեր չեն լինում», - ասել է Մխիթարյանը։
Նա նաև նշել է, որ չեն պատրաստվում ամբողջ ուժերը ծախսել Եվրոպայի լիգայի մրցաշարի վրա:
«Անգլիայի առաջնությունում ևս դեռ վեց-յոթ խաղ է մնացել: Մենք պատրաստվում ենք փորձել և մեզ լավագույնս դրսևորել՝ հաղթելու վերջին խաղերը և նաև առաջ շարժվելու Եվրոպայի լիգայի մրցաշարում», - ասել է Հայաստանի հավաքականի ավագ, «Արսենալ»-ի կիսապաշտապան Հենրիխ Մխիթարյանը:
«Արսենալ»-ի ավագ մարզիչ Արսեն Վենգերը հույս է հայտնել, որ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև առկա դիվանագիտական լարվածությունն ազդեցություն չի ունենա Արսենալ-ԲԿՄԱ խաղերի վրա, ազդեցություն չի ունենա երկրպագուների՝ ո՛չ Լոնդոն եկող ռուսների, ո՛չ բրիտանացիների վրա, որ պատասխան հանդիպումը դիտելու համար կցանկանան Մոսկվա մեկնել:
Կիսաեզրափակիչ դուրս գալու՝ թիմերի հնարավորություններն Արսեն Վենգերը հավասար է գնահատել, նշելով, որ նախորդ փուլում՝ «Լիոն»-ի հետ խաղում ԲԿՄԱ-ն լավ ֆուտբոլ է ցուցադրել։
Նա նաև նշել է. - «Սեփական հարկի տակ անցկացվող առաջին խաղում չգիտես, թե ինչ արդյունքի հասնել, իսկ երբ երկրորդ հանդիպումն ես տանն անցկացնում, արդեն հստակ գիտես, թե ինչ արդյունքի պետք է ձգտել»:
Եվրոպայի լիգայի գավաթը նվաճելու հնարավորությանը վերաբերող հարցին Արսեն Վենգերը պատասխանել է, թե երազների աշխարհում չեն ապրում, հասել են քառորդ եզրափակիչ, պետք է իրատես մնալ ու քայլ առ քայլ առաջ շարժվել՝ ներդնելով բոլոր ուժերը: