Իշխանությունը պատրաստ է քննարկել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկը՝ ընդդմիությանը զիջել մի շարք պաշտոններ, եթե իհարկե Մարուքյանը գրավոր դիմի իրենց:
Ընդ որում, իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը շեշտում է՝ այդ պարագայում «Լուսավոր Հայաստանը» պետք է իշխանության մաս կազմի՝ կիսելով քաղաքական պատասխանատվություն:
«Ազատություն». - Կոնկրետ «Ելք»-ի մեկ այլ կուսակցություն՝ «Լուսավոր Հայաստան»-ը մի շարք առաջարկներ է արել՝ զիջել վերահսկողական մեխանիզմ ունեցող մի շարք պաշտոններ, դրանք կլինեն հանձնաժողովի նախագահներ խորհրդարանում, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ նշանակելու իրավունքը, Սահմանադրական դատարանի անդամներ նշանակելու, Մարդու իրավունքների պաշտպանին նշանակելու, որպեսզի այդ ամենն ընդդիմությանը փոխանցվի։ Դուք սա հնարավոր, իրատեսական տարբերակ համարո՞ւմ եք։
Բաղդասարյան. - Այսինքն՝ Դուք մտածում եք պաշտոններ առանց պատասխանատվությա՞ն։ Երբ որ ցանկացած քաղաքական ուժ պատրաստ կլինի պատասխանատվությունը կիսելու և իրենք գրավոր կդիմեն, մենք այդ հարցը կքննարկենք։
«Ազատություն». - Այսինքն՝ դուք դեմ չեք քննարկելու այդ տարբերակը՝ պաշտոններ զիջելու։
Բաղդասարյան. - Որևէ քննարկման ֆորմատի մենք դեմ չենք։
«Ազատություն». - Բայց դա իրատեսակա՞ն է, որ դուք պաշտոններ զիջեք ընդդիմությանը։
Բաղդասարյան. - Ես չեմ կարող պատասխան տալ։ Քննարկմանը կողմնակից եմ, թող գրավոր դիմեն, որ իրենք ցանկանում են մաս կազմել մեր պատասխանատվությանը, մենք այդ հարցը կքննարկենք։
«Ազատություն». - Դե որ տաք, պատասխանատվությունն էլ կստանձնեն, պարոն Բաղդասարյան։
Բաղդասարյան. - Դրա համար դա քննարկման կարիք ունի։ Խնդրեմ՝ մեր դռները բաց են քննարկման համար։ Բնականաբար իշխանության մաս պետք է դառնան որպեսզի կրեն պատասխանատվությունը։
«Ազատություն». - Ո՞րն է ավելի իրատեսական՝ պաշտոններ ուզելը, թե՞ փողոց փակելը, Ազգային ժողովի շենքը շրջափակելը։ «Քաղաքացիական պայմանագիր»-ն ասում է՝ պետք է փողոցում ճնշում գործադրենք ձեզ վրա, որպեսզի դուք հրաժարվեք ձեր վարչապետի թեկնածուից, իսկ մյուս մասն ասում է՝ ո՛չ, մենք պետք է այդ վերահսկողական լծակներ ունեցող պաշտոնները վերցնենք, ո՞րն է ավելի իրատեսական ճանապարհը։
Բաղդասարյան. - Իրենք թող կողմնորոշվեն, մի ընդհանուր որոշում կայացնեն։
«Ազատություն». - Բայց ո՞րն է ձեզ համար ավելի իրատեսական պայքարի միջոց։
Բաղդասարյան. - Քաղաքական ուժերը, որոնք ընդգրկված են պառլամենտում, իրենց պայքարը պետք է տանեն պառլամենտում և քաղաքականությունը փողոց չտանեն։
«Ազատություն». - Ինչպես «Լուսավոր Հայաստա՞ն»-ն է անում։
Բաղդասարյան. - Չգիտեմ ինչպես են իրենք անում, ես իմ անձնական կարծիքն եմ ասում։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզին, ըստ որի «Քաղաքացիական պայմանագիրը» նախատեսում է մարզային քայլերթն ավարտել ապրիլի 13-ին Երևանում, ապա ապրիլի 17-ին փակելով փողոցներն ու շրջափակելով Ազգային ժողովի ելքերն ու մուտքերը՝ տապալել վարչապետի ընտրությունը, իշխող Հանրապետական խմբակցության ղեկավարն ասաց, թե դա իր խնդիրը չէ, այլ համապտասխան մարմիններինը, որոնք պետք է կարգուկանոն պահպանեն և ապահովեն իրենց աշխատանքային գործունեությունը:
Բաղդասարյան. - Ես Ձեզ խոստանում եմ, որ իմ աշխատանքային ժամին կգամ աշխատանքի: Եվ այն, ինչը օրենքի սահմաններում է, դրանք կլինեն անարգելք:
«Ազատություն». - Իսկ եթե գաք աշխատանքի ու տեսնեք, որ չեք կարողանում մոտենալ շենքին, հարյուր հազարներ դրսում լինեն․․․
Բաղդասարյան. - Դա իմ խնդիրը չէ: Ինձ թվում է, որ դա արդեն համապատասխան մարմինների խնդիրն է, որ կարգ ու կանոն պահպանեն, որպեսզի մենք կարողանանք մեր աշխատանքային օրը նորմալ անցկացնել:
«Ազատություն». - Հնարավոր համարո՞ւմ եք, որ իսկապես նման սցենար լինի, որ չկարողանաք մուտք գործել Ազգային ժողով:
Բաղդասարյան. - Համբերեք: Ամեն ինչը իր ընթացքում բնականոն հունով կընթանա:
«Ազատություն». - Իսկ ինչպե՞ս եք այդ քայլերթը գնահատում, որն ի դեպ, այսօր Ձեր հայրենիքում է՝ Վանաձորում:
Բաղդասարյան. - Շատ նորմալ: Ո՞ւմ է արգելված քայլել: Ես էլ ամեն առավոտյան որկեւ-երեք կիլոմետր քայլում եմ:
Նշենք, որ Հայաստանի փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն այսօր «Ազատության» հարցին կարճ պատասխանեց․ եթե փողոցներ փակվեն, ոստիկանության արձագանքը կլինի «ադեկվատ»։
Ի դեպ, Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ, այժմ իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը, անդրադառանալով Նիկոլ Փաշինյանի կողմից խորհրդարանի շենքը շրջափակելու և վարչապետի ընտրությունն ապրիլի 17-ին տապալելու ծրագրին, հեգնեց, թե «պետք չէ Կիկոսի մահը սարքել»՝ շեշտելով, թե երբ կլինի նման բան՝ կտեսնեք, թե ինչ են անում:
Ցոլակյան․ - Հիմա բան էլ չի եղել, դուք արդեն խոսում եք, ասում եք: [Քայլերթն] իրենց իրավունքն է, իրենց իրավունքից իրենք օգտվում են: Ոչինչ ավելացնել չեմ կարող:
«Ազատություն»․ - Իսկ այդ պահանջը, որ Սերժ Սարգսյանը չպետք է լինի վարչապե՞տ:
Ցոլակյան» - Իրանց ցանկությունն ու առաջարկն է, ինչ ցանկանում են, էն էլ ասում են: Թող ասեն:
«Ազատություն»․ - Իսկ Դուք ցանկանո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ:
Ցոլակյան․ - Դրական եմ վերաբերվում: