Մատչելիության հղումներ

«Իմ քայլարշավն ընդդիմության համար որևէ պաշտոն ապահովելու նպատակ չունի». Փաշինյան


Արդեն 5-րդ օրը Հայաստանի միջմարզային մայրուղիներում քայլարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանն այսօր Վանաձորում «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ «Ելք» դաշինքում խորացող տարաձայնություններն առաջիկայում կքննարկի գործընկեր կուսակցությունների ղեկավարների հետ, կփորձեն հաղթահարել դրանք։

«Այս արշավը սկսելուց առաջ մենք պայմանավորվել ենք որ ամսի 13-ին հանդիպելու ենք և քննարկելու ենք տվյալ պահին օրակարգում եղած հարցերը: Այդ հանդիպումը գուցե ավելի շուտ կամ ուշ տեղի ունենա, բայց մենք անպայման կհանդիպենք և կքննարկենք: Կարծում եմ, որ «Ելք» դաշինքը պետք է մնա հավատարիմ իր կողմից կայացրած որոշումներին և իր կողմից արված պաշտոնական հայտարարություններին: Ով իրեն դուրս կդնի այս հայտարարությունների և որոշումների շրջանակից, ինքն իրեն դուրս կդնի «Ելք» դաշինքից»,- ասաց Փաշինյանը, հավելելով․

«Ես կարծում եմ, որ դաշինքը պետք է հաղթահարի տարաձայնությունները: Կարծում եմ, որ «Ելք» դաշինքի ընտրողների կամքը և ընտրողների տեսակետը պետք է այս պրոցեսում հաղթի, և ես, որպես «Ելք» խմբակցության ղեկավար, ինձ համրում եմ նաև այդ գործընթացի պատասխանատուն ու երաշխավորը․ որևէ մեկը չի կարող «Ելք» դաշինքի ընտրողների քաղաքական ուղերձները, որ նրանք տվել են մեզ ընտրական պրոցեսի ընթացքում, ուղղակի շրջանցել և արհամարհել»:

«Ելք» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար անդամի կարծիքով, չնայած գործընկերների հետ տարաձայնություններն օրեցօր ավելի են ընդգծվում, բայց իրենց դիրքորոշումները կառուցողական են: ««Ելք» դաշինքում երբեք, էսպես ասած, համաձայնության գաղջ մթնոլորտ չի եղել։ Մենք մշտապես, այս ընթացքում էլ, շատ սուր բանավեճեր ենք ունեցել: Այդ բանավեճերը, տեսակետների տարբերությունը, չեն նվազեցնում իմ հարգանքը մեր գործընկերների նկատմամբ: Ես նաև ինձ հաշիվ եմ տալիս, որ ես «Ելք» խմբակցության ղեկավարն եմ և ուզում եմ նորից ընգծել՝ այս գործընթացն ամբողջությամբ տեղավորվում է «Ելք» խմբակցության նախկինում կայացրած որոշումների ու արած հայտարարությունների մեջ: Իհարկե՝ այդ տարաձայնությունները, ցավոք սրտի, ավելի ընգծվում են ամեն օրվա հետ, բայց մեր դիրքորոշումները միշտ եղել են կառուցողական ու կշարունակեն մնալ կառուցողական»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա միանշանակորեն մերժում է դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջակած քաղաքական պայքարի տարբերակը՝ կապված վերահսկողական մեխանիզմ ունեցող որոշ պաշտոններ ընդդիմությանը զիջելու հետ: «Ես կարող եմ միանշանակ ասել, որ «Իմ քայլը» արշավն ընդդիմության համար որևէ պաշտոն ապահովելու նպատակ չունի և չի ունեցել: Այս համատեքստում դրա մասին խոսք անգամ լինել չի կարող: Ես բացառում են այդ հարցում համաձայնոթյունն իշխանության հետ»,- ասաց «Ելք» խմբակցության ղեկավարը:

Եվս մեկ անգամ կարևորելով Հայաստանի համայնքներով քայլարշավ իրականացնելու և ոտքով Երևանի Ազատության հրապարակ հասնելու «Իմ քայլը» նախաձեռնությունը և հակադարձելով Էդմոն Մարուքյանին, Փաշինյանը նշեց՝ Հայաստանում բոլոր քաղաքական ճանապարհները վաղուց տրորված են։ Հիշեցնենք՝ նախօրեին հրապարակած ծավալուն մի հոդվածում Մարուքյանն անօգուտ էր համարել Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի դեմ իր գործընկերոջ նախաձեռնած պայքարը, նշելով, թե պետք չէ գնալ «նախկին քաղաքական ուժերի տրորած արահետներով և տրվել կարճաժամկետ փառքի արկածախնդրությանը»։ «Ով նման հայտարարություն է անում, դա ընկալեք, որպես իր անձնական տեսակետ»,- այսօր ասաց Փաշինյանը:

«Իմ քայլը» նախաձեռնության անդամները երեկ գիշերել են Վանաձորում, կիսակառույց շենքերից մեկում տեղավորելով իրենց վրանները։ Այսօր քայլարշավին միացել էր նաև Նիկոլ Փաշինյանի կինը։ Երթի մասնակիցները ծրագրում են ապրիլի 13-ին հասնել Երևանի Ազատության հրապարակ, որտեղ այդ օրը հանրահավաք են անցկացնելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG