Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը քննում է երեք հայ զինծառայողների սպանության հանգամանքները


Ադրբեջանը մեկ ամսվա ընթացքում պետք է պաշտոնապես պատասխանի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) հարցերին՝ պարզաբանելով, թե արդյոք 2016-ի տարեվերջին հայ-ադրբեջանական սահմանում զոհված երեք հայ զինծառայողների մահը հետևանք էր Ադրբեջանի կողմից «ուժի կիրառման, որը բացարձակ անհրաժեշտ էր», և արդյոք հայ զինծառայողների մահը ատելության և խտրականության հետևանք էր։

Հիշեցնեմ, ըստ պաշտոնական տեղեկատվության, ադրբեջանցի դիվերսանտ Չինգիզ Ղուրբանովը 2016 թվականի տարեվերջին հատել էր հայ-ադրբեջանական սահմանը և սպանել երեք հայ զինծառայողների՝ Էդգար Նարայանին, Էրիկ Աբովյանին և Շավարշ Մելիքյանին։

Եվրոպական դատարանում զինծառայողների հարազատների ներկայացուցիչներ Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Զեյնալյանն ու փաստաբան Արա Ղազարյանը Ստրաբուրգ ուղարկած դիմումում դատարանին խնդրել են ճանաչել Ադրբեջանի կողմից թույլ տված խախտումները։ Դիմումատուները պնդել են, զինվորների մահը հետևանք չէ ուժի, որի կիրառումը «բացարձակ անհրաժեշտ» էր:

Բողոքում դիմումատուները նաև նշում են, որ երեք հայ զինծառայողների սպանությունը տեղի է ունեցել ատելության հողի վրա:

«Մեր վստահորդների անունից մենք դիմեցինք, որպեսզի Եվրոպական դատարանը ճանաչի կյանքի իրավունքի խախտումը, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայության իրավունքի խախտումը և խտրականության հիմքով կյանքից զրկված չլինելու իրավունքի խախտումը», - մանրամասնեց Արտակ Զեյնալյանը:

Եվրադատարան ներկայացված դիմումում նաև նշված է, որ 2016 թվականի դեկտեմբերի 29-ի առավոտյան, ժամը 8:30-ի սահմաններում Նարայանն ու Աբովյանը լքել են մարտական հենակետը և գնացել տարաներով ջուր հավաքելու: Երկուսն էլ անզեն են եղել: Կրակոցներ են լսվել, և ավելի ուշ պարզվել է, որ Նարայանն ու Աբովյանը սպանվել են: Մարտական հենակետում գտնվող մյուս զինվորները անմիջապես վազել են կրակոցների ուղղությամբ: Հետևել է փոխհրաձգություն, որի ընթացքում զոհվել է հայ երրորդ զինծառայողը՝ Շավարշ Մելիքյանը: Փոխհրաձգությունից մեկ ժամ անց կրակոցները հակառակ կողմից դադարել են, և հայտնաբերվել են սպանված երեք հայ զինծառայողների և Ղուրբանովի դիակները:

«Ազատության» հետ զրույցում Արտակ Զեյնալյանն ասաց, որ Ադրբեջանի դեմ ներկայացված առաջին գործն է ՄԻԵԴ-ում, որը քննելու է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքը: Եվրոպական դատարանը նաև քննում է Ադրբեջանի դեմ ներկայացված 23 գանգատ, որոնք առնչվում են Լեռնային Ղարաբաղին:

Զեյնալյանի խոսքով, եթե այս գործը հաջողության հասնի, ապա Ադրբեջանը պարտավոր կլինի քննության առնել կատարվածն ու պատժել մեղավորներին։ Նա և նրա գործընկերը նշել են, որ չնայած Ադրբեջանն ընդունել է, որ հենց իր զինվոր Ղուրբանովն է կատարել սպանությունը, բայց որևէ հետաքննություն չի անցկացրել՝ մեղավորներին պատժելու ուղղությամբ։ Ավելին՝ պետությունը փառաբանել է նրա գործողությունը և հետմահու նրան Ադրբեջանի ազգային հերոսի կոչում շնորհել, նրա անունով փողոց անվանակոչել։

«Պատկերացրեք, եթե հաջողության հասնվի, ապա պետությունները պիտի ստեղծեն նաև այդպիսի ընթացակարգեր, մեխանիզմներ, որպեսզի լինի գործի քննության արդյունավետ մեխանիզմներմ բացահայտվեն մեղավորները և ենթարկվեն պատասխանատվության, հնարավոր լինի վերականգնել այն մարդկանց իրավունքը, ում իրավունքը որ խախտվել է», - ասաց Զեյնալյանը:

Նա հավելեց, որ Եվրոպական դատարան ուղարկած բողոքում հիմնավորել են, որ Ղուրբանովը գործել է Ադրբեջանի իշխանությունների անունից․ - «Եվ այն հանգամանքը, որ խրախուսվում է ազգությամբ հային սպանելը»:

Զեյնալյանը պնդում է, որ եթե դատարանը ընդդեմ Ադրբեջանի որոշում կայացնի, ապա հարևան այդ երկիրը որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկիր, բացի արդարացի քննությունից և մեղավորների բացահայտումից, պարտավորված կլինի նաև հետագայում չխախտել կյանքի իրավունքը․ - «Կարծում եմ, Եվրոպայի խորհրդում պիտի այդպիսի պատերազմներ չլինեն, և խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով, մարդու իրավունքների լույսի ներքո․․․ Եվրոպայի խորհուրդը հենց այս նպատակով է ստեղծվել: Իսկ թե արդյոք սա որևէ ազդեցություն կունենա այս հակամարտության լուծման վրա՝ մեր խնդիրն է ապահովել կյանքի իրավունքը, որպեսզի մարդիկ չզրկվեն կյանքից՝ անկախ ազգությունից, անկախ գտնվելու վայրից»:

Զեյնալյանը նաև փոխանցեց, որ 2016-ի ապրիլյան պատերազմի զոհերի ևխոշտանգվածների դիմումների մի մասի քննությունը Եվրոպական դատարանում ավարտվել է, և արդեն սպասում են վճիռների կայացմանը։

Հիշեցնենք՝ ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանցիների կողմից խոշտանգված զինվորականների և խաղաղ բնակիչների, ինչպես նաև պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված խաղաղ բնակիչների գործերով 359 հայց է ներկայացված Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG