Մատչելիության հղումներ

Մինչև 2030 թ․ Հայաստանը կսպառի միայն ԱԷԿ-ի և վերականգնվող աղբյուրների անհամեմատ էժան էլեկտրաէներգիան


Արևային էներգիայի արտադրության վահանակներ, որոնք պատրաստվել են Հայաստանում, արխիվ
Արևային էներգիայի արտադրության վահանակներ, որոնք պատրաստվել են Հայաստանում, արխիվ

Մինչև 2030 թվականը Հայաստանը մտադիր է էլեկտրաէներգիայի ներքին սպառումն ամբողջովին բավարարել ատոմակայանի և վերականգնվող էներգետիկայի հաշվին՝ հրաժարվելով գազից այրումից ստացվող ավելի թանկ էլեկտրաէներգիայից: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Փոխնախարարը մանրամասնեց՝ դա կառավարության ծրագիրն է, իսկ ինչ վերաբերում է ՋԷԿ-երում գազից ստացվող էլեկտրաէներգիային, այն ամբողջությամբ արտահանվելու է: Փոխնախարարը լրագրողներին հրավիրել էր՝ տեղեկացնելու, որ Վարդենիս քաղաքից ոչ հեռու գտնվող Մեծ Մասրիկ համայնքի մոտ կառուցվելիք «Մասրիկ-1» արևային էլեկտրակայանի մրցույթում հաղթող է ճանաչվել նիդերլանդական Fotowatio Renewable Ventures B.V և իսպանական FSL Solar S.L. ընկերություններից կազմված կոնսորցիումը: 55 ՄՎտ հզորություն, տարեկան 120 միլիոն կՎտ/ժամ արտադրության ծավալ ունեցող կայանի կառուցումը պետք է ավարտվի 2019 թվականին, տեղադրվելու են 170 հազարից ավելի արևային վահանակներ:

Առավել էական է արտադրվելիք էլեկտրաէներգիայի գինը․ կոնսորցիումը մեկ կՎտ/ժամ էլեկտրաէներգիան Հայաստանի էլցանցին վաճառելու է 20,1 դրամով: Համեմատության համար նշենք, որ փոքր ՀԷԿ-երը նույն չափով էներգիան վաճառում են 23,8 դրամով, Երևանի ՋԷԿ-ը՝ 31 դրամով, իսկ բնակիչները՝ տանը սպառած էլեկտրաէներգիայի համար ներկայումս վճարում են 44,98 դրամ, գիշերային սակագինն էլ 34,98 դրամ է:

«Կարելի է ասել, որ այս ծրագիրը կոտրեց բոլոր տեսակի կարծրատիպերը, որոնք կային արևային տեխնոլոգիաների հետ կապված՝ որ դրանք թանկ են, դեռ ժամանակ է պետք Հայաստանում ներդնելու համար: Հիմա փաստացի մենք ունենք շատ էժան սակագին»,- ասաց փոխնախարարը:

Ըստ Հայկ Հարությունյանի, կառավարության նպատակն է՝ 2030 թվականին Հայաստանում սպառվելիք ողջ էլեկտրաէներգիայի մոտ 70 տոկոսը ստանալ վերականգնվող էներգետիկայից (այդ թվում արևային կայաններ, ՀԷԿ-եր), մնացած 30 տոկոսը՝ ատոմակայանից: Հարց հնչեց՝ Եվրամիության հետ անցած տարվա նոյեմբերին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն արդյո՞ք խոչընդոտ չէ Հայկական ատոմակայանի աշխատանքի համար:

«Պայմանագրի մեջ ԱԷԿ-ի վերաբերյալ որևէ այլ կետ, գաղտնի և որ հրապարակային, չկա: Գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է հնարավորինս կարճ ժամկետում ներկայացնի ատոմակայանի ապագործարկման ճանապարհային քարտեզ, ընդամենը դա»,- ասաց Հայկ Հարությունյանը, հավելելով, որ նշված փաստաթուղթը Հայաստանին չի զրկում նոր ատոմակայան ունենալու իրավունքից:

Փոխնախարարն անդրադարձավ նաև գազի գնի հետ կապված վերջին քննարկումներին, պնդելով՝ իրանական կողմն ավելի բարձր գին է առաջարկում, քան «Գազպրոմը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG